«Լրագրողներ առանց սահմանների». Ադրբեջանը զբաղեցրել է 162-րդ տեղը 180 երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսում
ԶԼՄ-ների ազատության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը զբաղեցրել է 162-րդ տեղը 180 երկրների շարքում` իր դիրքերը զիջելով երկու հորիզոնականով: Այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Ըստ զեկույցի` Ադրբեջանը կարողացել է իսպառ ոչնչացնել բազմակարծության գրեթե բոլոր հետքերը` մնացած մի քանի անկախ թերթերին հարկադրելով միմյանց հետևից փակվել` արգելափակելով վերջիններիս եկամուտի աղբյուրները, ինչպես նաև կեղծ մեղադրանքների հիման վրա հետապնդելով այդ թերթերի խմբագրությունների աշխատակիցներին:
«Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը, որն Ադրբեջանում հետաքննական լրագրության պիոներներից մեկն էր, ցույց տվեց, որ Իլհամ Ալիևի ավտորիտար վարչակարգը հասել է այլևս հետդարձի ճանապարհ չունեցող գագաթնակետի: Կամայական ձերբակալությունները, որոնց պատճառով էլ տասնյակ լրագրողներ լքեցին երկիրը 2014-ին, Ադրբեջանը դարձրին ԶԼՄ-ների խոշորագույն բանտը Եվրոպայում»,- նշված է զեկույցում:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ չափազանց բռնությունն Ադրբեջանում քննադատող լրագրողների ու բլոգերների դեմ կիրառվող մեթոդներից մեկն է: Նախիջևանում փոքր թիվ կազմող անկախ լրագրողներից ու իրավապաշտպաններից մեկը` Իլղար Նասիբովը, 2014-ի օգոստոսի 21-ին իր գրասենյակում աշխատելու ժամանակ դարձել է դաժան հարձակման թիրախ: Ոստիկանությունը երկրում առավել հաճախ է օգտագործում քրեական տարրեր կեղտոտ աշխատանքի կատարման ընթացքում: Զեկույցում նաև շեշտվում է, որ անցած ամառ Ադրբեջանի իշխանությունները լիարժեքորեն ոչնչացրել են ԶԼՄ-ներին աջակցող հիմնական ՀԿ-ները:
Նախորդող`
«Լրագրողներ առանց սահմաններին» դիմել է Ֆրանսիայի նախագահին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները բարձրաձայնելու խնդրանքով
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է Արդբեջանի դատարանի որոշմամբ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություն. Նախիջևանում անպատժելիության մթնոլորտ է տիրում
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը դատապարտել է Բաքվի վճռաբեկ դատարանի որոշումը