Հույս ունեմ հայերենով ասուլիս տալ. ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան
«Բարև Ձեզ, ես ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ»,- լրագրողներին տված առաջին ասուլիսի ժամանակ հայերենով ասաց ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը:
Դեսպանը նշեց, որ Վաշինգտոնում որոշ ժամանակ հայերեն է սովորել, բայց շփվելու համար իր իմացությունը դեռ բավարար չէ:
«Հույս ունեմ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում առիթ կունենամ հայերեն ասուլիս ունենալ ձեզ հետ»,- ասաց Միլսը լրագրողներին:
«Իմ և տիկնոջս համար պատիվ է լինել այստեղ: Ես 1991 թվականին, երբ ՀՀ-ն դարձավ անկախ, առաջին պատասխանատուն ՀՀ հարցերով ԱՄՆ պետքարտուղարությունում ես եմ եղել»,- նշեց դեսպան Միլսը:
«Ես այնտեղ եմ եղել նորանկախ Հայաստանի և ԱՄՆ հարաբերությունների սկզբնավորման պահից, ներկա եմ եղել Վաշինգտոնում ՀՀ դեսպանության բացմանը: Այդ ժամանակ, երբ Երևանից եկած պատվիրակության հետ վերելակում էինք, հայ դիվանագետներից մեկն ասաց՝ հիշեք այս պահը, սա մեր երկու ժողովուրդների միջև հարաբերությունների , անկախ պետությունների միջև հարաբերությունների առաջին քայլն է»,- պատմեց ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը:
Միլսի խոսքերով՝ ինքը 25 տարի հետևել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերությանը և հպարտ է լինել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
«Իմ առաջին 36 ժամը ՀՀ-ում շատ զբաղված է եղել»,- նկատեց Միլսը՝ նշելով, որ այդ ժամերի ընթացքում հասցրել է իր հավատարմագրերը հանձնել ՀՀ արտգործնախարարին, իսկ այսօր առավոտյան՝ արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Այսօր ես ասացի Հայաստանի նախագահին, որ նախագահ Օբամայի կողմից ես նշանակվել եմ և աշխատելու եմ այստեղ՝ հասնելու մեր առջև դրված նպատակին, որը շատ պարզ ու հստակ է՝ ազատ, բարեկեցիկ Հայաստան, որը խաղաղ ապրում է իր հարևանների հետ»,- ասաց Միլսը:
Նա նաև ՀՀ նախագահին հայտնել է, որ իր պաշտոնավարման առաջին ամիսներին կուզեր ավելի շատ լսել, սովորել, կարծիքներ, գաղափարներ, թե ինչպես կարող են ՀՀ-ն և ԱՄՆ-ն համատեղ աշխատել, որպեսզի հասնեն իրենց նպատակին:
Դեսպանը նշեց, որ որպեսզի խրախուսեն Հայաստանի քաղաքացիներին ազատ իրենց կարծիքները դեսպանին փոխանցեն, երկու տեսանյութ են տեղադրվել յութուբում: Մեկը դեսպանի ողջույնն է եղել, իսկ մյուսը նրան ուղղված պատասխանը՝ «Բարև, Ռիք Միլս» տեսանյութը:
ԱՄՆ նորանշանակ դեսպանը կոչ արեց բոլոր հայաստանցիներին կարծիքների ու գաղափարների առկայության դեպքում թվիթերում տեղադրել իրենց առաջարկները՝ օգտագործելով «Բարև, Ռիք Միլս» հեշթեգը: Դեսպանը նշեց նաև, որ եթե ցանկացողներ կլինեն տեսանյութով դիմելու, կարող են իրենց տեսաուղերձը տեղադրել www.usa.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան