Ադրբեջանական քարոզչամեքենան հասուն տղամարդուն ներկայացնում է 6-ամյա երեխա և «Աղդամյան դեպքերի զոհ»
Xocali.net կայքը շարունակում է մերկացնել 1992 թվականի Աղդամյան դեպքերի շուրջ ադրբեջանական քարոզչության կեղծարարությունները:
1992 թվականին, երբ հիշողությունը թարմ էր, ու հնարավորություն կար անմիջապես տեղում հարցում անել` համեմատելով Աղդամյան դեպքերի արդյունքում ողջ մնացածների և մահացածների ցուցակները, դա չի արվել: Այժմ արդեն`դեպքերից 20 տարի անց, Ադրբեջանում սկսել են ֆիլմեր նկարել, վերհանել «արխիվային փաստաթղթեր» ու ձայնագրել վկաների պատմությունները»
«Օրինակ, ATV International հեռուստաալիքի «Այնտեղ, ուր մարել է արևը» ֆիլմը, որը ստեղծվել է 2012 թվականին, ներկայացվում է որպես փաստագրական: Ֆիլմում «Խոջալուի` ողջ մնացած բնակչուհին» կիսվում է իր հիշողություններով` մասնավորապես նշելով. «Իմ ամուսնուն` Էլմար Ահմեդովին, գնդակահարել են հայերը»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աղդամյան դեպքերի զոհերի լրիվ անվանական ցուցակը դեռևս 1992-ին հրապարակել է Հավվա Մամեդովան «Խոջալու. շահիդներ ու շեհիդներ» գրքում, կարելի է դյուրին կերպով պարզել` մտացածին ամուսնու անունն արդյոք կա ցուցակում: 126 համարի ներքո իրականում էլ նշված է ոմն Էլմար Ահմեդով, սակայն 1992-ի փետրվարի 26-ի դրությամբ այս Ահմեդովն ընդամենը 6 տարեկան էր: Նույն ցուցակում հիշատակվում է Ահմեդով Էլդար Նայիբ օղլուն, որը նշված տարիքով կարող էր և ցանկացածի ամուսինը լինել»,-կարդում ենք սկզբնաղբյուր կայքում:
Այնուհանդերձ, այս պարագայում տեղին հարց է ծագում. մի ՞թե կինը չգիտի իր ամուսնու անունը, և արդյոք կարո ՞ղ է սեփական ամուսնուն անվանել Էլմար, այլ ոչ թե Էլդար: Կամ էլ հավանական է, որ սույն կեղծարարությունն իրականացվել է 1992-ին, երբ համեմատվում էին ցուցակները, և հասուն տղամարդը` ամուսինն ու հայրը, ներկայացվում էր 6 տարեկան երեխա` մահացած երեխաների ցուցակն այդպիսով ընդլայնելու նպատակով:
Հարկ է արձանագրել, որ սա վառ օրինակն է այն երևույթի, երբ լեգալացվում են միֆերն, ու կատարվում է զանգվածային գիտակցության մանիպուլյացիա` հույս ունենալով, թե որևէ մեկը չի վերստուգի կամ վերլուծի կամ էլ համեմատի ցուցակները:
Հիշեցնենք, որ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մատույցներում չբացահայտված պայմաններում մահացել է 200-300 հոգի` ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների, որոնց Ադրբեջանի իշխանությունները մտածված կերպով պահում էին մարտական գործողությունների կիզակետում: Խոջալուն հանդիսանում էր այն 5 կրակակետերից մեկը, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Խոջալուի բնակչությունն ամիսներ շարունակ բռնի կերպով պահվում էր բնակավայրում և մտածված չէր տարհանվում Ադրբեջանի իշխանությունների կողմից` հետագայում նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակիչները, որոնք լքել էին բնակավայրը ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրած մարդասիրական միջանցքով, անարգել անցել են ավելի քան 10 կմ` հասնելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք: Ավելի ուշ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մահացած բնակիչների դիերը: Զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Ադրբեջանի խորհրդարանի` այս բնակիչների ողբերգական մահվան հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը ցրվել է Հեյդար Ալիևի հրամանով, իսկ հետաքննական նյութերը գաղտնիացված են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան