Ջոն Քերին Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Նեմցովի սպանության հետ կապված հարցեր
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում մարտի 2-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ նախատեսված հանդիպմանը կքննարկի Բորիս Նեմցովի սպանության հետ կապված հարցեր։ Այս մասին գրում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն, Ժնև թռիչքից առաջ լրագրողների հետ զրույցում Քերին կարևորել է Նեմցովի սպանության «ամբողջական, բաց և գործուն հետաքննությունը»։
Միաժամանակ, նա նշել է, թե անհրաժեշտ է գտնել ոչ միայն հանցագործությունն իրագործողներին, այլև դրա պատվիրատուներին ու կազմակերպիչներին։
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, թե իրենք չունեն Նեմցովի սպանության վերաբերյալ տեղեկատվություն։
«ԱՄՆ-ն վշտացած է սպանության փաստից և հույս ունի, որ ՌԴ իշխանությունները կմիանան միջազգային հանրության` բաց և վստահելի հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությանը»,-ասել է Քերին։
Նշենք, ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր Մոսկվայի կենտրոնում փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը։ Անհայտ անձը կամ անձիք, ովքեր նախնական վկայությունների համաձայն, եղել են սպիտակ մեքենայով, կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է։ Միջադեպի առթիվ սպանության և զենքի անօրինական շրջանառության հոդվածներով քրեական գործ է հարուցված։