Իրանի ԱԳ նախարար. Նեթանյահուն 1992թ. մինչ օրս պնդում է, թե Իրանը երկու-երեք տարի անց միջուկային զենք կստեղծի
«Բանակցող կողմերը բավականաչափ մոտեցել են միջուկային խնդրի շուրջ համաձայնությանը»,-այդ մասին իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը «NBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Թեև բանակցող կողմերը բավականաչափ մոտեցել են միջուկային խնդրի շուրջ համաձայնությանը, սակայն մանրամասնությունների հարցում դեռ պետք է շատ աշխատենք: Մենք շատ-շատ ենք մոտեցել, սակայն կարող էինք և շատ հեռու լինել, սակայն, եթե քաղաքական որոշում կայացվի, ապա կարող ենք մոտենալ համաձայնությանը: Սակայն քաղաքական որոշում պետք է կայացնեն բոլորը, այլ ոչ թե մեկ պետություն»:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթին, մասնավորապես նշել է. «Նեթանյահուն 1992թ. մինչ օրս կանխատեսում է, թե Իրանը երկու-երեք տարի անց միջուկային զենք կստեղծի: 2002թ. ևս ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ժամանակ ևս հայտարարեց, թե Իրանը մեկ տարի անց միջուկային զենք կունենա: Իրանը միջուկային զենք ստեղծելու կարիք և նպատակ չունի. Մենք կարծում ենք, որ միջուկային զենքը ոչ ոքի, այդ թվում և Իրանի համար անվտանգության երաշխիք չի կարող լինել»:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, նշել է, որ այդ բանակցությունները չեն կարող Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի վարչապետի՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթը խաբկանքներով լի ներկայացում է որակել
Իրանի ԱԳ նախարար. Իսրայելի վարչապետը չի կարող ազդել միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վրա
Իրանի ԱԳ նախարար. Միջուկային խնդրի շուրջ ձեռք բերվելիք համաձայնությունը կախված է բանակցող երկրների քաղաքական կամքից
«National interest». Իսրայելցիների մեծամասնությանը մտահոգում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը
Իսրայելի ԱԳ նախարար. Իրանի հարցում Օբամայի և Լիբերմանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է