Իրանը և «5+1 խումբը» միջուկային խնդրի տեխնիկական հարցերի շուրջ 90 տոկոսի շուրջ համաձայնություն են ձեռք բերել
«Իրանը և «5+1 խումբը» միջուկային խնդրի տեխնիկական հարցերի շուրջ 90 տոկոսի շուրջ համաձայնություն են ձեռք բերել»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Նշենք, որ այս օրերին Լոզանում Իրանի և «5+1 խմբի» ներկայացուցիչները միջուկային խնդրի շուրջ բանակցություններ են անցկացնում:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, անդրադառնալով բանակցությունների ընթացքին, մասնավորապես նշել է . «Միջուկային խնդրի տեխնիկական հարցերի շուրջ 90 տոկոսի շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել, միայն մեկ կարևոր խնդրի շուրջ անհամաձայնություն ունենք, հուսով եմ, որ այսօր երեկոյան տեղի ունենալիք հանդիպման ընթացքում կկարողանանք այդ խնդիրը ևս լուծել»:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի հրավերով մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ:
Բրյուսելից վերադառնալով Լոզան՝ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, հայտարարել է, որ եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումը դրական էր: Զարիֆի խոսքով՝ չորեքշաբթի առավոտյան եվրոպական երեք երկրների ներկայացուցիչները Չինաստանի և Ռուասատանի ներկայացուցչի հետ միասին կմիանան բանակցություններին: