«Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերին և խորհրդարանական դիվանագիտությանը»
ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ Եվրամիության Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացումը:
Նիստի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի պաշտոնական բացմանը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ այս վեհաժողովը պետք է դիտարկել որպես Եվրամիության և Արևելյան գործընկերների միջև բազմակողմ համագործակցության ընդլայնման կարևոր հարթակ, այլ ոչ զուտ ԵՄ-ի հետ երկկողմ փոխգործակցության գործիք:
«Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերի և խորհրդարանական դիվանագիտությանը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով խորհրդարանականների և մեր հասարակաությունների միջև շփումների ակտիվացման համար»,- ասաց Գ.Սահակյանը:
Արդյոք այս հարթակը կնպաստի մասնակից պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը, թե ոչ, դա, ըստ ԱԺ նախագահի, կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես կօգտագործվեն վեհաժողովի առանձնաշնորհները:
«Կարևոր եմ համարում պահպանել համագործակցության ոգին և կենտրոնանալ ԵՄ-ի և մեզ համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են միջանձնյա հասակարությունների միջև շփումների ընդլայնումը, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու հիմնարարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանդուրժողական հասարակության ձևավորումը և ներդաշնակ համակեցությունը»,- ասաց Գ.Սահակյանը՝ հավելելով, որ դրանք պետք է լինեն քաղաքական օրակարգում, այլ ոչ թե այն հարցերը, որոնք կարող են դարձնել ոչ կառուցողական վիճաբանության ամբիոն:
ԱԺ նախագահը կոչ արեց պատասխանատվություն ցուցաբերել և առավելագույնը օգուտ քաղել այս վեհաժողովից:
«Վստահ եմ, որ այս վեհաժողովը իր կարևոր դերը կունենա Արևելյան գործընկերության նպատակների իրականացման և Եվրանեսթի գաղափարների կենսագործման հարցում»,-նշեց Գ.Սահակյանը: