Սերժ Սարգսյան. Մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի՝ ինչպես կարող է պայքարել
«Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դիմանիկ կերպով: Վստահ եմ, որ Եվրանեսթի նստաշրջանի ծավալուն օրակարգում ընդգրկված կարևոր հարցերի շուրջ խորհրդարանական ձևաչափով ընթացող քննարկումները և որոշումները կնպաստեն Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև համագործակցության խորացմանը տարբեր բնագավառներում»,- այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացմանը ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ողջունելով ԽՎ-ի մասնակիցներին՝ ասաց, որ այս շաբաթը կարելի է մեզ համար եվրոպական շաբաթ համարել:
«Ուրախ ենք Երևանում հյուրընկալել Եվրանեսթի նիստը, որից հետո մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին: Երևանում և Բրյուսելում նախատեսվում են իմ հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, իսկ մի քանի օրից Երևանում տեղի կունենա նաև Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը»,-նշեց Նախագահը:
Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ միջխորհրդարանական քննարկումները թույլ կտան ճիշտ պատկերացում կազմել մեր ժողովուրդների առջև կանգնած մարտահրավերների մասին ու փորձել միասին գտնել դրանց հաղթահարման ուղիները:
«Ուրախալի է, որ համաեվրոպական արժեքային համակարգի տարածմանն ու արմատավորմանն ուղղված մեր համագործակցությունն ընդգրկում են թե խորհրդարանական, թե քաղաքացիական հասարակության շրջանակները: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի՝ ինչպես կարող է պայքարել ու իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերակատարում ունենալ»,- նշեց Ս.Սարգսյանը:
Նա նշեց, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու համար նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կատարելագործել մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը:
ՀՀ նախագահը նշեց նաև, որ Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ: