ՀՀ Նախագահ. Խնդրի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում, Երևանում ու Բաքվում
«Մենք չենք պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության կամ ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու միջոցի, ինչպես դա եղավ Ադրբեջանում, այլ փորձում ենք Վեհաժողովի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել մեր ժողովուրդների խաղաղ գոյակցության և համագործակցության ընդլայնման գործին»,- ՀՀ Ազգային ժողովում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ ասվածի վկայությունն է հայկական պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանում կայացած բազմաթիվ միջոցառումներին` ներառյալ 2012թ-ին Բաքվում կայացած «Եվրանեսթի» լիագումար նիստին:
«Ցավում եմ, որ ադրբեջանական կողմը ընդառաջ չի գնում մեր կառուցողական երկխոսության հաստատմանն ուղղված քայլերին: Առավել մտահոգիչ է, սակայն, որ մեր հարևան պետությունը ապակառուցողական և առավելապաշտական կեցվածք է դրսևորում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բուն գործընթացում` հետ կանգնելով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից»,- նշեց Ս.Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարի խոսքերով՝ մի բան պարզ է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում, Երևանում ու Բաքվում և ոչ թե Վաշինգթոնում, Մոսկվայում ու Փարիզում:
«Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով: Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային կառույցների և եվրոպական կառույցների աներկբա գնահատականը այդ երկրի գործելաոճին: Անկախ Ադրբեջանի անիրատեսական պահանջներից և շփման գծում իրականացվող պարբերական սադրանքներից՝ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
Ս.Սարգսյանի խոսքերով՝ միջազգային հանրության մոտեցումը, հատկապես վերջին տարիներին այն է, որ եվրոպական ու համամարդկային արժեքների վրա հիմնված, ժողովուրդների ազատ կամաարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունեն:
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ևս այդ իրավունքի իրականացնումն է, որ կարող է հանգեցնել այդ հարցի համապարփակ լուծմանը: Այդ մոտեցումն է ընկած նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների առաջարկությունների հիմքում»,- հավելեց Սերժ Սարգսյանը:
Նախորդիվ`
Սերժ Սարգսյան. Մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի՝ ինչպես կարող է պայքարել
«Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերին և խորհրդարանական դիվանագիտությանը»