«Մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգն օր օրի ընդլայնվում է՝ իր մեջ ներառելով նոր գործընկերներ»
ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցվել է տարբեր համակարգերի փոխլրացման, տարածաշրջանում ներգրավված խոշոր տերությունների շահերի համադրման վրա: Անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ն միաժամանակ ակտիվորեն զարգացրել է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ խաղաղապահ առաքելությունների միջոցով իր նպաստը բերելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Այսօր Երևանում մեկնարկած «Արարատի ստորոտին» միջազգային 5-րդ մեդիա համաժողովում իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր երկիրը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է զարգացրել և զարգացնում ՌԴ-ի հետ: Հայ-ռուսական դաշնակցային միջպետական հարաբերությունները խարսխվում են մեր ժողովուրդների պատմական սերտ առնչությունների վրա:
ՌԴ-ի հետ սերտ փոխգործակցությունը մեր անվտանգության, տնտեսական զարգացման և կայունության կարևոր բաղադրիչներից է: ՌԴ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, 2014թ. մեր առևտրաշրջանառությունը կազմել է $1,4 մլրդ-ից ավելի, Հայաստանում ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություններ են գործում, իսկ ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ գերազանցել են $3 մլրդ-ը: Ես վստահ եմ, որ դահլիճում նստած շատ-շատերի համար այս թվերը փոքր և ծիծաղելի են երևում, բայց հավատացեք, որ Հայաստանի նման փոքր պետության և փոքր տնտեսության համար այս թվերը չափազանց կարևոր են: Ռուսաստանի հետ համագործակցում ենք տարբեր ոլորտներում՝ էներգետիկ, ենթակառուցվածքային, արդյունաբերական և այլն: ՌԴ-ում ոչ պաշտոնական տվյալներով մոտ 2 մլն հայ է բնակվում: ՌԴ հետ շարունակական փոխգործակցության զարգացումն ընթանում է նաև միջազգային կազմակերպությունների՝ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Մեծապես կարևորում ենք ՌԴ-ի ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը»,-նշել է նախագահը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է նաև ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության, Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը. «Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրում: Ներկայիս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության և այլն, որոնց շրջանակներում տարեցտարի մենք նոր ձեռքբերումներ ենք արձանագրում:
Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ մեր գործընկերությունն այժմ գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում նաև վերջին տարիների տարբեր մակարդակի փոխայցելությունները:
Բարձր ենք գնահատում ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցությունը՝ միտված մեր պետականության ամրապնդմանը:
Մեծապես կարևորում ենք նաև ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ նրա ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում»:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության շարունակական զարգացմամբ:
«Մենք արժևորում ենք այն ձեռքբերումները, որոնցով անցած երկու տասնամյակներում նշանավորվել են մեր միջպետական հարաբերությունները, և որոնք ներառում են քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական համագործակցության կանոնավոր զարգացում, աջակցության ծրագրերի արդյունավետ իրականացում:
Հետևողական ու համատեղ ջանքերի արդյունքում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները հասել են շատ կարևոր հանգրվանի՝ առանձնաշնորհյալ մակարդակի: Անգնահատելի է Ֆրանսիայի՝ ամենաբարձր մակարդակով դերակատարումը Հայոց ցեղասպանության դատապարտման և միջազգային ճանաչման գործում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում նրա դերը:
Անշուշտ, մեր երկրի կարևոր առաջնահերթություններից է հարևան երկրների՝ մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ ավանդական բարեկամական գործընկերության խորացումն ու ընդլայնումը:
Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական փոխշահավետ և բազմաբնույթ համագործակցությունը, որը պայմանավորված է պատմամշակութային ընդհանրություններով, փոխադարձ տնտեսական շահերով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:
Հայ-իրանական հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում նաև քաղաքական ակտիվ շփումներն ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միտված համատեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Ուշադրությամբ հետևում ենք Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության և վեցյակի միջև ընթացող բանակցություններին: Մենք ցանկանում ենք, որ խնդրի լուծումը գտնվի հնարավորինս մոտ ժամանակներում՝ ընդունելի բոլոր կողմերի համար: Լիահույս ենք, որ խնդրի շուրջ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները կհանգեցնեն հարցի համապարփակ կարգավորմանը:
Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ վերջին տարիներին տեսանելիորեն աշխուժացել են հայ-վրացական բարձր մակարդակի շփումները: Ավանդական բարեկամության, հարևանության և մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Արդյունքում մենք ձեռք ենք բերում երկկողմ օրակարգի արդիական հարցերի օպերատիվ կարգավորման արդյունավետ մեխանիզմներ:
Մշտապես կարևորում ենք Վրաստանի դերը ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և պահպանման գործում:
Մեր քաղաքական համագործակցության մակարդակը նպաստավոր պայմաններ է ապահովել երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման համար, որի խթանմանն ուղղված իրավապայմանագրային բազայի զարգացման գործում նշանակալի ձեռքբերումներ ենք արձանագրել:
Մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգն օր օրի ընդլայնվում է՝ իր մեջ ներառելով նոր գործընկերներ: Ակտիվացել են հարաբերությունները լատինամերիկյան, ասիական տարածաշրջանի երկրների հետ, ջերմ ավանդական հարաբերություններ ենք զարգացնում արաբական աշխարհի հետ: Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ակտիվ համագործակցություն ենք ծավալում Չինաստանի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների հետ: Մի քանի օրից կայանալու է իմ պետական այցը Չինաստան, որը, վստահ եմ, նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը տարբեր բնագավառներում:
Բնականաբար մեր արտաքին քաղաքականության և անվտանգության վրա չեն կարող չազդել հարևան տարածաշրջաններում և ընդհանրապես միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող տագնապալի գործընթացները: Այսօր Սիրիայում և Իրաքում, այսպես կոչված, «Իսլամական պետությունը» իրական սպառնալիք է դարձել ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար: Հինավուրց քաղաքակրթությունների բնօրրան հանդիսացող Մերձավոր Արևելքում վտանգված է այդ նույն քաղաքակրթությունների գոյությունը: Սիրիայում և Իրաքում հայ համայնքներն անմասն չեն այդ ամենից: Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիները, որ ապաստան էին գտել Սիրիայում, Իրաքում, այժմ էլ բախվել են նշված մարտահրավերներին: Հայաստանն արդեն ընդունել է ավելի քան տասը հազար փախստական Սիրիայից:
Հայաստանը դատապարտում է «Իսլամական պետության», Ալ Նուսրայի, այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործություններն ու վայրագությունները և կոչ է անում միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել այս նոր արհավիրքի դեմ։ Այս համատեքստում Հայաստանը միանգամայն սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար իրականացմանը»,-նշված է եղել Սերժ Սարգսյանի ելույթում:
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյան. Այն ժողովուրդները, ում համար պատմությունը բեռ է, չեն կարող հետ նայել
Ա. Սաղաթելյան. Պետք է հնարավորություն տանք թուրք հասարակությանը՝ առերեսվել սեփական պատմության հետ
Վիգեն Սարգսյան. Միջազգային պայքար պետք է ծավալել մարդկության դեմ հանցագործության՝ ցեղասպանության դեմ