Թուրքական Zaman. Գալիպոլի միջոցառումները արդյունավետ չեն և վարկաբեկելու են Թուրքիային
Թուրքական Todays Zaman պարբերականը հրապարակել է «Պահարանում պահված դիակ» վերնագրով հոդված, որտեղ անդարդարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակման արարողություններին և Թուրքիայի կողմից մերժողական քաղաքականությանը:
Հոդվածի հեղինակ Ջուսթ Լեգենդինջքը հրապարակման մեջ ներկայացրել է նաև «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի հեղինակած գրքի`«Մեծ աղետ. Հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերի տակ»-ի բովանդակությունը:
«Ապրիլի 24-ն արդեն երևում է հորիզոնում, և փախուստի տեղ չի մնացել: Այդ օրն աշխարհի չորս կողմերում մարդիկ Հայոց ցեղասպանությունն են հիշատակելու: Թուրքական կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից ուշադրությունը շեղելու նպատակով Գալիպոլի պատերազմի 100-ամյակն անամոթաբար նույն օրը նշելու քայլ ձեռնարկեց: Այդ ջանքերը, սակայն, արդյունավետ չեն լինելու, և Թուրքիան զուր վարկաբեկվելու է», - գրում է պարբերականը:
Հրապարակման մեջ ասվում է, որ ապրիլի 24-ը մոտենում է, և 1915-ին Օսմանյան կայսրության ժամանակ հայերի հետ պատահածի մասին շատ բաներ են ասվելու ու գրվելու:
««Քարնեգի» հիմնադրամում աշխատող գրող և լրագրող Թոմաս դե Վաալը 1915-ից հետո տեղի ունեցածների մասին պատմել է «Մեծ աղետ. Հայերն ու թուրքերը՝ Ցեղասպանության ստվերում» գրքում: Դե Վաալը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հարցերով մասնագետ է և 1915-1916 թվականների մասին այլ պատմություն գրել չի ցանկանում: Գիրքն այդ տարիներին տեղի ունեցած տեղահանության և կոտորածների վերաբերյալ արդար և հավասարակշռված քննարկում է սկսում», - տեղեկացնում է պարբերականը:
Պարբերականը մանրամասնում է դե Վաալի աշխատության նրբությունները և նշում է, որ միայն 1965-ից հետո են հայերը Ցեղասպանությունը ճանաչելու պահանջ ներկայացրել, և դա Խորհրդային Հայաստանից դուրս ապրողների համար ինքնության հարց է դարձել: Գրքի հեղինակը լավատեսորեն կարծում է, որ թուրք հասարակությունն ի վերջո հասկանալու է, թե Օսմանյան կայսրության գոյության վերջում մոտ 2 մլն հայերն ինչպես են «անհետացել»: Նա նաև մեջբերում է Ջենգիզ Աքթարի խոսքերը՝ «Դիակը պահարանում պահելու համար չափազանց ծանր է»:
Եզրափակելով հոդվածը` Ջուսթ Լեգենդինջքը մեջբերում է դե Վաալի գրքի եզրակացությունը, որտեղ հեղինակը նշում է, որ այս բարդ թնջուկի լուծման ուղին Թուրքիայի ձեռքում է և թուրք հասարակությունը պետք է ադեկվատ վերաբերվի «ցեղասպանություն» եզրույթին, քանի որ միայն այդկերպ է հնարավոր կարգավորել երկու ովուրդների միջև հարաբերությունները: