Ռուս լրագրողի հարցը նախագահին. Հայաստանում տեսանելի չէ որևէ քաղաքական ուժ, որը փորձում է խաթարել հայ-ռուսական հարաբերությունները
Մարտի 18-ից 20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջանակներում արտասահմանցի լրագրողները բազմաթիվ հարցեր են ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Panorama.am-ը ներկայացնում է ռուսական «Свободная Пресса» լրատվական կայքի խմբագիր Սերգեյ Շարգունովի հարցն ու նախագահ Սարգսյանի պատասխանն՝ ամբողջությամբ:
-Սերժ Ազատի, ես հարց ունեմ՝ կապված Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ: Հայաստանում որքա՞ն ակտիվ են այն քաղաքական ուժերը, որոնք տորպեդահարում են Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը և հանդես են գալիս Ձեր դիրքորոշման դեմ: Այդ ուժերի ռադիկալ թևը Հայաստանում որքանո՞վ է կենսունակ, քանի որ այդ թեմաների հետ կապված ԶԼՄ-ներում տարբեր մոտեցումներ կան: Ձեր կարծիքով՝ ին՞չ քայլեր կարող է ձեռնարկել Ռուսաստանը, որպեսզի մեր երկրի և Հայաստանի հարաբերություններն ավելի ամրապնդվեն:
-Նախ, պետք է ասեմ, որ ես չեմ տեսնում Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որը փորձում է խաթարել հայ-ռուսական հարաբերությունները: Իհարկե, Հայաստանում կան քաղաքական ուժեր, ովքեր համոզված են, որ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը Հայաստանի կողմից, Հայաստանի համար փրկություն է: Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք մտածում են, որ Արևմուտքը կարող է ավելի լավ, բաղկացուցիչ մաս հատկացել մեր անվտանգությանը: Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ ՆԱՏՕ-ին անդամակցումը Հայաստանի համար շատ կարևոր խնդիր է և, հնարավոր, է դա ամբողջովին ապահովի Հայաստանի անվտանգությունը և այսպես շարունակ: Ես չեմ կարծում, որ դա վատ երևույթ է, վատ հանգամանք է:
Մարդիկ իրենց կարծիքն ազատ արտահայտում են, դրա համար որևէ հետապնդումների չեն ենթարկվում, ցույցերի հնարավորություն են ստանում, անկաշկանդ իրենց մտքերը զետեղում են ԶԼՄ-ների էջերում և էկրաններին, բայց այդ ուժերից, ինչպես Դուք եք ասում, ծայրահեղները Հայաստանում մեծ աջակցություն չունեն: Դրա համար պետք չէ հատուկ ուսումնասիրություն անցկացնել, որովհետև երբ մենք անդամակցեցինք Եվրասիական տնտեսական միությանը, առավել ևս, երբ այդ մասին մենք որոշում կայացրեցինք և հայտարարություն տարածեցինք, որոշ մարդիկ փորձեցին մարդկանց հրավիրել փողոց, բայց որևէ հաջողություն նրանք չունեցան:
Որևէ մեկը չի կարող ժխտել, ասել, որ Եվրոպայում լավ բաներ չկան և որևէ մեկը չի կարող ասել, որ այդ լավ բաները քիչ են: Ուստի, ես պայքար չեմ տեսնում: Պրոբլեմը ծայրահեղության մեջ է, ցանկացած ծայրահեղություն շատ վատ է: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա պետք է ասեմ, որ մենք շատ լավ փուլում ենք գտնվում, բայց հնարավորություններն այնքան մեծ են, որ ես երբեք չեմ տեսնում սահմանը, թե ինչի պետք է հասնենք, որ ասենք՝ գիտեք արդեն շատ բանի ենք հասել; Իրոք, հնարավորությունները շատ մեծ են, և ամենամեծ աջակցությունն այսօր Ռուսաստանից կլինի սեփական տնտեսության վերականգնումը: Եթե ՌԴ տնտեսությունը հիմա վերականգնվեց, գիտեք, Հայաստանում շատ մեծ հաջողություններ են լինելու, որովհետև 3 մեծ խողովակներով Ռուսաստանի տնտեսությունն ազդում է Հայաստանի վրա:
Առաջինը մասնավոր հատվածի կողմից Հայաստան ուղարկվող դրամանական միջոցներն են: Ինչպես ասացի իմ ելույթում՝ գրեթե 2 մլն հայ է բնակվում ՌԴ-ում և այդ մարդիկ այստեղ ունեն հարազատներ և տարեկան հսկայական գումարներ են ուղարկում ոչ միայն Ռուսաստանից, այլև ամբողջ աշխարհից: Այդ մասնավոր միջոցները կազմում են մեր համախառն ներքին արդյունքի 20-22 տոկոսը, դա հսկայական թիվ է: Հիմա ծավալը չի փոքրացել: Ենթադրենք 10 հազար ռուբլի ուղարկում էին, հիմա էլ են 10 հազար ռուբլի ուղարկում, բայց դրա արժեքն է ընկել կրկնակի: Սա մի պրոբլեմ է, որը ճնշում է գործադրում մեր երկրի վրա:
Երկրորդ մեծ խողովակն արտահանումն է: Ինչպես ասացի, մեր գյուղատնտեսական ապրանքների ճնշող մեծամասնությունն արտահանվում է Ռուսաստանի դաշնություն: Դրամի արժեվորումը ռուբլու նկատմամբ՝ գրեթե 50 տոկոս, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, կամ հակառակը՝ ռուսական ռուբլու արժեզրկումը մեր դրամի նկատմամբ ստեղծեց անհավասար տնտեսական հնարավորություններ, և հիմա արտահանումը խիստ դժվարությունների է հանդիպում:
Երրորդ մեծ խողովակը կապիտալ ներդրումներ են: Ինչպես ազգությամբ հայ, այնպես էլ ռուս ներդրողների կողմից ներդրումներ են կատարվում Հայաստանում: Հիմա, ցավոք սրտի, տնտեսական վիճակը հնարավորությունները սահմանափակում է; Բայց ես մեծ համոզմունք ունեմ, որ դրանք ժամանակավոր երևույթներ են, իսկ ժողովուրդների, պետությունների կյանքում միշտ էլ դժվարություններ լինում են: Ես չեմ հիշում մի ժամանակահատված, գոնե Հայաստանի Հանրապետության ղեկավար մարմիններում իմ աշխատելու տարիներին, իսկ ես աշխատում եմ Հայաստանի Հանրապետության ղեկավար մարմիններում 93 թվականից՝ Ղարաբաղը չհաշված, արդեն 22 տարի, ես չեմ հիշում մի ժամանակահատված, երբ մենք դժվարությունների չէինք հանդիպում: Երիտասարդ պետություն ենք, նոր ձևավորվող ժողովրդավարություն է դրա համար էլ խնդիրներ ունենք:
Նախորդող հրապարակումներ՝
Թուրք լրագրողի հարցը նախագահին. Ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք համարել Թուրքիայի հետ հարաբերություններում(վիդեո)
Գերմանացի լրագրողի հարցը՝ նախագահին. Գերմանիայի հորդորը թուրքերին կլինի մի ժողովրդի հորդոր, որն այդ դժվար ճանապարհն անցել է
Իտալացի լրագրողի հարցը՝ Սերժ Սարգսյանին. Վերջին տարիներին հայ-իտալական տնտեսական համագործակցությունն ամրապնդվել է (տեսանյութ)
Ֆրանսիացի լրագրողի հարցը՝ նախագահին. ԵՏՄ-ին անդամակցնելու որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից (տեսանյութ)
Ռուս լրագրողի հարցը՝ նախագահին. Հայկական բանակը մարտունակ է և պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության (տեսանյութ)