«Կոմպրոմիսային փաստաթուղթ». Հայաստանի խորհրդարանը պատրաստ է ընդունել հույների ու ասորիների ցեղասպանությունը
1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը կուսակցական պատկանելություն չունի, մենք սրանով ներկայացնելու ենք հայերի վերաբերմունքը հույների ու ասորիների ցեղասպանության վերաբերյալ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով ԱԺ բոլոր խմբակցությունների հեղինակած նախագիծը:
Փաստաթղթի ներկայացման ժամանակ ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ այն մեկ օրում կամ մեկ տարում չի մշակվել: Այլ դրա սկզբնավորման հիմքը դրվել է 4 տարի առաջ, այն ժամանակ, երբ կենդանի էր լուսահոգի ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
«Չորս տարի առաջ ես և պարոն Հովհաննիսյանը հանդիպեցինք հույն և ասորի համայնքների ներկայացուցչների հետ: Այդ օրվանից մեր խորհրդարանում սկսվեց մի գործընթաց, որը, կարծում եմ, պետք է դրական ավարտ ունենա այս քառօրյայի ընթացքում: Եվ այդ իմաստով ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ այս նախագծի վրա թե գաղափարական, թե գործնական առումով շատ մեծ է Վահան Հովհաննիսյանի դերակատարությունը»,- հայտարարեց Շարմազանովը՝ նկատելով, որ այս փաստաթուղթը «կոմպրոմիսային փաստաթուղթ է»:
Պատգամավորը վկայաբերեց 1948-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան», որով սահմանվում են այն չափանիշները, որոնց համաձայն իրականացված քաղաքականությունը որակվում է ցեղասպանություն:
«Հիմնվելով այդ փաստարկների վրա՝ 2007թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. քրիստոնյա ազգաբնակչության, այսինքն՝ հայերի, ասորիների, փոքրասիական և Պոնտոսի հույների դեմ իրականացված բռնությունները որակում է որպես ցեղասպանություն: 2010թ. մարտին Շվեդիայի խորհրդարանը հատուկ բանաձևով դատապարտեց Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը: Հույների ցեղասպանությոունը դատապարտել են Կիպրոսի և Հունաստանի խորհրդարանները»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա ներկայացմամբ, ցեղասպանագետները քրիստոնյաների նկատմամբ թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը դիտարկում են մեկ ամբողջության մեջ:
«Դրա վառ ապացույցը դեռևս 1915-ին Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշայի այն հայտարարությունն էր, որը նա արել էր Գերմանիայի ռազմական կցորդի հետ զրույցում: Նա հայտարարել էր, որ ինքը լուծելու է քրիստոնյա մյուս ժողովուրդների՝ հույների և ասորիների հարցը, ինչպես արել էր հայկական հարցի դեպքում: Սա վկայում է, որ դա մի ամբողջական շղթա է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը