Եմենի նախագահը փախել է Ադենից
Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին փախչել է Ադեն քաղաքի իր ապաստանից և գնացել անհայտ ուղղությամբ: Նա այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ հուսիները մոտեցել են քաղաքին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»` հղում կատարելով Associated Press-ին:
Նույն օրն ավելի վաղ շիա-ապստամբները հարձակվել էին Ադենից 60 կմ հեռավորության վրա գտնվող խոշոր օդային բազայի վրա: Ըստ վերջին տվյալների` նրանք գրավել են քաղաքը: Ականատեսների վկայությամբ` պետական ծառայողները տուն վերադառնալու ցուցում են ստացել, իսկ քաղաքացիները զինվել են:
Մամուլում լուրեր են շրջանառվում, էր Սաուդյան Արաբիան Եմենի հետ սահմանային գոտում տեղակայել է մեծ քանակությամբ զինտեխնիկա:
Նշենք, որ վերջին շրջանում Եմենում քաղաքական ճգնաժամ է սկսվել: Երկրի հարավում գործում է «Ալ-Կաիդան արաբական թերակղզում» ահաբեկչական խմբավորումը, իսկ կենտրոնում պայքար է գնում բանակի և «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժման անդամների միջև: