Ադրբեջանցի երգչուհին վիրավորվել է Big Apple Music Awards-ի կազմակերպիչներից ու սկսել շահարկել «հայկական գործոնը»
Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում տալով Ադրբեջանի Ժողովրդական արտիստ Այգյուն Քյազիմովայի սոցցանցային էջերին, տեղեկացրել էին, թե իբր վերջինս հրաժարվել է իրեն հատկացված Big Apple Music Awards-ից, ավելին` ներկա չի լինելու այս տարվա հուլիսին կայանալիք մրցանակաբաշխության արարողությանն այն պատճառով, թե իբր դրա կազմակերպիչները հայեր են: Սակայն, պարզվել է, որ իրականում Քյազիմովային մերժել են մեկ այլ անվանակարգում նույն մրցանակը շնորհելուց, որ ժամանակին տրվել է մեկ այլ ադրբեջանցի երգչուհու, Ժողովրդական արտիստ Բրիլիանթ Դադաշևային, և այս ամենի հետևանքով նա սկսել է տարբեր բամբասանքներ տարածել Big Apple Music Awards-ի կազմակերպիչների մասին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Moderator.az լրատվական կայքը:
Ինչպես ասված է նյութում, Big Apple Music Awards-ի ներկայացուցիչ, ոմն Գյուլշան Կուրբանբաևան բաց նամակ է հղել ադրբեջանական մամուլին, որում ափսոսանք է հայտնել սույն թեմայի` մինչ օրս ադրբեջանական տեղեկատվական հարթակներում քննարկվելու առնչությամբ:
«Բրիլիանթ Դադաշևան անցած տարի արժանացել է Big Apple Awards մրցանակին, դրանից հետո մենք առաջարկ-հայտ ենք ստացել անձամբ Այգյուն Քյազիմովայից և համաձայնել ենք: Ընդ որում, նա մեզ ուղարկել է մրցույթի լրացված հարցաթերթիկն իր անձնական էլեկտրոնային հասցեից, անգամ շնորհակալություն է հայտնել, որ ընդունել ենք այն: Այնուհանդերձ, երբ ավելի ուշ նա հայտարարել է, որ ցանկանում է այդ թվում ստանալ հենց այն մրցանակը, որ տվել էինք Դադաշևային, մենք հանգիստ բացատրել ենք նրան, որ դա անհնար է, քանի որ միայն ավանդական երաժշտության կատարողներին ենք այն շնորհում: Ցավոք, զայրացած երգչուհին, որը թերևս չի կարողացել կրկնել Դադաշևայի հաջողությունը, սկսել է իրականությունից հեռու տեղեկություններ տարածել մեր մրցանակի մասին»,- հայտարարել է մրցանակի ներկայացուցիչը նամակում` միաժամանակ հավելելով` եթե որևէ երիտասարդ աստղ նման կերպ վարվեր, ապա իրենք ինչ-որ տեղ կհասկանային, սակայն 45-ամյա ադրբեջանցի երգչուհու մտադրությունը` սեփական նպատակին այդպիսի միջոցներով հասնելու, անհասկանալի ու անընդունելի է:
Հատկանշական է, որ Քյազիմովայի պրոդյուսեր Տարիհ Ալիևն ադրբեջանական Qafqazinfo լրատվական կայքի հետ զրույցում շտապել է կտրականապես հերքել նամակում ասված հայտարարությունները` շարունակելով պնդել, թե ադրբեջանցի երգչուհին չի մասնակցելու մրցանակաբաշխությանը հայ կազմակերպիչների պատճառով, բացի այդ, սպառնացել է, թե շուտով ԱՄՆ է մեկնելու և «պատրաստվում է պարզել հարցերն այդ Կուրբանբաևայի հետ»:
Հիշեցնենք, որ ժամանակին Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բրիլիանթ Դադաշևան սուր քննադատության զոհ էր դարձել, երբ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե վերջինս ԱՄՆ-ում աշխատող հայերի կողմից կազմակերպված Big Apple Music Awards մրցանակի է արժանացել: Նշենք նաև, որ օրերս ադրբեջանական մամուլում հերթական անգամ կոչեր էին հնչել «հայերից հեռու մնալ», իսկ հայերի հետ նվազագույն առնչությունը բնութագրվել էր որպես «Ադրբեջանի շահերի դեմ հանցավոր համագործակցություն»: Բացի այդ, խիստ քննադատության էին ենթարկվել մշակույթի ոլորտի այն ներկայացուցիչները, որոնք երբևէ լուսանկարվել են ու սոցցանցերում «սելֆի» հրապարակել հայերի հետ:
Իսկ ավելի վաղ` 2009-ին, Ադրբեջանում հարցաքննել էին բոլոր նրանց, ովքեր համարձակվել էին քվեարկել «Եվրատեսիլ» երգի մրցույթում հայ մասնակիցների օգտին: Այդ ժամանակ ադրբեջանական հիստերիայի հարձակումների զոհ էր դարձել նաև թուրք երգչուհի Հադիսեն` հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ իր համարձակ արտահայտությունների պատճառով:
Հարկ է նկատել նաև, որ ըստ ադրբեջանական մամուլի՝ վերջին շրջանում որոշ ադրբեջանական մեդիա ռեսուրսների, մասնավորապես` հեռուստաալիքների` Հայաստանի ու հայերի թեմայի շուրջ նյութերում ու սյուժեներում ավելի հաճախ կարելի է հանդիպել հայհոյանքների, կոպիտ և վիրավորական արտահայտությունների: Ադրբեջանի ազգային ռադիոհեռուստատեսության խորհրդի փորձաքննության, ծրագրավորման և վերլուծական բաժնի տնօրեն Թեվեքքուլ Դադաշովը նոյեմբերի սկզբին իր հերթին կոչ էր արել ադրբեջանական լրատվադաշտին որքան հնարավոր է շատ վիրավորանքներ կիրառել Հայաստանի թեմայով նյութերում:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանցի երգչուհուն խիստ քննադատության են ենթարկել հայի հետ «սելֆի» անելու համար
Հայատյացությունն Ադրբեջանում վերածվել է համաժողովրդական զբաղմունքի. «Ենի Մուսավաթ»
Ադրբեջանում կոչ են անում եթերից որքան հնարավոր է շատ վիրավորանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը