Արամ Ա. Մենք հոգեպես կլիցքավորվենք մեր նահատակների հավատքով ու սրբազան կտակով
«Ինչպես երկրորդ դարի եկեղեցու հայր Տերտուղյանոսն է ասել՝ նահատակների արյունն ավիշ դարձավ եկեղեցու կյանքի ու վկայության, այնպես էլ 1,5 մլն նահատակների արյունն ավիշ դարձավ մեր եկեղեցու ու ժողովուրդների կյանքին՝ մեզ տալով հավատքի և հայրենիքի համար ապրելու, գործելու ու պայքարելու ու նույնիսկ իմացյալ մահով նահատակվելու սրբազան քաջությունը։ Եվ այսօր այս արարողությամբ մենք հոգեպես կլիցքավորվենք մեր նահատակների հավատքով ու մանավանդ սրբազան կտակով»,- Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ իր ելույթում այն մասին նշեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա Կաթողիկոսը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս իր երախտագիտությունը հայտնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ հայ ժողովրդի զավակներին նման հոգեվառ առիթ ընձեռելու համար, որ Աստծո այդ տաճարում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։
Արամ Ա-ն նաև կարևորեց , որ Կաթոլիկ եկեղեցու կողմից այսօր սրբադասված Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ։
«Նարեկացին եզակի աստվածաբան էր, մեր եկեղեցու և ընդհանրական եկեղեցու կյանքի մեջ։ Նարեկացին խոսեցավ Աստծո հետ՝ մարդ-աստված երկխոսություն ստեղծելով «Մատեան ողբերգության» մեջ, որ եղավ ու մնաց հայ ժողովրդի կյանքի երկրորդ Աստվածաշունչը»,-նշեց նա։
Արամ Ա-ն կաթողիկոսն իր ելույթի մյուս մասը շարունակեց անգլերենով:
«Ցեղասպանությունն անհերքելի և անմոռանալի փաստ է, որը խորապես հիմնված է ժամանակակից պատմության էջերում և առավելապես հայերի գիտակցության մեջ: Հետևաբար, բոլոր փորձերը այն ջնջելու և մոռացության մատնելու դատապարտված են անհաջողության»,-նշեց Արամ Ա-ն:
Սբ Պետրոս եկեղեցում ներկաներին նա հիշեցրեց, որ 1915-ին 1,5 մլն հայեր զոհ են դարձել Օսմանյան կայսրության մանրամասն կանխամտածված և սիստեմատիկորեն իրականացված սպանությունների:
Արամ Ա-ն շեշտեց, որ բացի 1,5 մլն զոհերից, անչափ ցավալի է, որ ոչնչացվել, բռնագրավվել կամ կորսվել են հազարավոր պատմական, կրոնական և մշակութային ժառանգություն հանդիսացող մի շարք եկեղեցիներ և վանքեր, ինչպես նաև մարդասիրական, բարեգործական և համայնքային կենտրոններ:
«Միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանությունը մարդու դեմ ուղղված հանցագործություն է և դրա դատապարտումը, ճանաչումը և փոխհատուցումը միմյանց հետ փոխկապակցված են։ Արդարությունը մարդու կողմից չի ստեղծված, այլ տրված է աստծու կողմից, հետևաբար անարդարությունը մեղք է աստծու դեմ»,– ասաց նա:
Վեհափառ հայրապետը նշեց, որ Վատիկանը մշտապես անհանգստացած է եղել հայերի նկատմամբ իրականացվող անարդարության կապակցությամբ և 1915-ի իրադարձությունների ժամանակ Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-ը խիստ քննադատական նամակ է հղել Օսմանյան կայսրությանը՝ կոչ անելով դադարեցնել հայերի կոտորածը: Այդ կապակցությամբ Արամ Ա-ն խորին շնորհակալություն հայտնեց, որ տասնամյակներ շարունակ, 1915-ից մինչև այսօր Վատիկանը շարունակում է անհանգստանալ հայերի նկատմամբ կատարված անարդարությամբ: