Միջազգային ԶԼՄ-ներ. Հռոմի պապը հնչեցրեց ցեղասպանություն բառը՝ խնդիրներ առաջացնելով Թուրքիայի համար
Միջազգային առաջատար բազմաթիվ լրատվամիջոցներ լայ անդրադարձ են կատարել այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին: Պարբերականները փաստում են, որ պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս պապը օգտագործել է ցեղասպանություն եզրույթը, ինչը, ըստ պարբերականների դիտարկումների, խնդիրներ կստեղծի Թուրքիայի համար՝ առաջացնելով նրա վրդովմունքն ու դժգոհությունը:
Մասնավորապես՝ The Associate Press-ը գրում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի առթիվ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանությունը անվանեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Գործակալության դիտարկմամբ՝ պապի հայտարարությունը «քաղաքականապես պայթուցիկ հայտարարություն էր, որը վստահորեն առաջացնելու է Թուրքիայի վրդովմունքը ու զայրույթը»: Գործակալությունը նաև նկատում է, որ պապն իր խոսքում կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Agency France Press-ը և գերմանական Deutsche Wellen-ն նույնպես փաստում են,որ Վատիկանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ընթացքում Հռոմի պապը 1915 թվականի դեպքերը անվանեց Ցեղասպանություն:
Գործակալությունների փոխանցմամբ՝ Ֆրանցիսկոս պապը նշել է, որ նախորդ դարում տեղի են ունեցել երեք «զանգվածային ողբերգություններ», որոնցից առաջինը հենց Հայոց ցեղասպանությունն է: Ինչպես նշում են գործակալությունները, Ֆրանցիսկոս պապի խոսքը կարող է Վատիկանի և Թուրքիայի միջև դիվանագիտական լարվածության առիթ դառնալ:
BBC-ն նշում է, որ Հռոմի պապ ընտրվելուց հետո առաջին անգամ Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործել էր երկու տարի առաջ, ինչը կատաղի բողոք էր առաջացրել Թուրքիայում: Գործակալությունը նկատում է, որ այս անգամ նույնպես պապի կողմից ցեղասպանության եզրույթի կիրառումը դժգոհություն և վրդովմունք կառաջացնի Թուրքիայի մոտ, որը հետևողականորեն ժխտում է 1915 թվականի դեպքերը:
Հռոմի պապի կողմից 1915 թվականի դեպքերը 20-րդ դարի 1-ին ցեղասպանություն անվանելու փաստն են արձանագրել նաև այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են Le Figaro-ն WashingtonPost-ը, The Guardian-ը, Liberation-ը, , The New York Times-ը , BBC-ն , France 24-ը , Daily Mail-ը , TimesofIndia-ն , USA Today-ը, NBC News-ը Fox news-ը , The Independent-ը և այլ պարբերականներ:
Նկատենք, որ պարբերականները լայնորեն լուսաբանել են Վատիկանում կայացած պատարագի արարողությունը, կատարել մեջբերումներ Ֆրանցիկոս պապի ելույթից, նշել, որ պապի կողմից Գրիգոր Նարեկացին հռչակվեց որպես «Տիեզերական եկեղեցու վարդապետ»: Պարբերականները անդրադարձել են նաև պատարագին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությանը, պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջինի ելույթներին:
Ուշադրություն հրավիրելով պապի կողմից Ցեղասպանություն եզրույթի հնչեցմանը՝ պարբերականները նկատել են, որ այն կարող է նոր լարվածություն առաջացնել Վատիկանի հետ Թուրքիայի հարաբերություններում և առհասարակ Թուրքիայի համար նոր խնդիրներ առաջացնել ցեղասպանության ժխտման քաղաքականության հարցում: