La Repubblica. Ֆրանցիսկոսի թանկարժեք ազնվությունը, ով ցեղասպանությունն իր անունով է կոչում
Իտալական առաջատար “La Repubblica” օրաթերթը «Ֆրանցիսկոսի թանկարժեք ազնվությունը, ով ցեղասպանությունն իր անունով է կոչում» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, Հռոմի պապի կողմից այն ճանաչելուն, Թուրքիայի վրդովմունքին, և պնդել, որ պետք է ամուր պահվեն այն արժեքները, որոնց վրա հիմնված է ժամանակակից արևմտյան քաղաքակրթությունը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածի տեքստը.
«Համառությունը, որով թուրքական կառավարությունն արգելում է իր իսկ քաղաքացիներին հիշատակել մեկ դար առաջ իրագործած հայերի բնաջնջումը, ի վերջո բախվում է Ֆրանցիսկոսի ազնվության և մաքրության հետ: Գրեթե բոլոր պատմաբանները համակարծիք են, որ 1915 թվականի զանգվածային տեղահանման ընթացքում սպանված կամ զրկանքներից մահացած մարդկանց թիվը գերազանցում է մեկ միլիոնը:
Հավասարապես անվիճելի է այն փաստը, որ մի ամբողջ ժողովրդի համակարգված կոտորածը վճռորոշ դեր խաղաց Ադոլֆ Հիտլերին ոգեշնչելու մեջ. անգամ ժամանակակից դարաշրջանում նրա համար իրական հնարավորություն ստեղծվեց արդյունաբերորեն ծրագրված բնաջնջմանը «վերջնական որոշում» տալու:
1951 թվականից սկսած, երկար քննարկումներից հետո, Միավորված Ազգերի Կազմակերպությունը որոշեց, որ նմանատիպ հանցանքները, որոնք նպատակ ունեն մի ամբողջ ազգաբնակչություն ֆիզիկապես ոչնչացնելու, պետք է բնորոշվեն «ցեղասպանություն» եզրույթով: Լվովի մի հրեա փաստաբան, մինչև իր ընտանիքի անհետացումը Հոլոքոստի հորձանուտում, ստեղծեց «ցեղասպանություն» եզրը այն բանից հետո, երբ միջազգային հանրության կողմից հայերի ճակատագիրն անտարբերության մատնվեց:
Լեմկինը տասնամյակներ շարունակ միայնակ և շատ սուղ միջոցներով պայքարեց միջազգային իրավունքով ցեղասպանության սահմանման և արգելման համար: Միայն երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին արժանացավ ուշադրության այն բանից հետո, երբ այդ ողբերգությունը կրկնվեց ավելի մեծ մասշտաբով:
Ֆրանցիսկոս պապի ապաքաղաքականությունը և թուրքական իշխանությունների զայրացած արձագանքը հակադրություն են առաջացնում: Որպես ապացույց այն փաստի, որ պատմության վերքերն ինքնաբերաբար չեն բժշկվում, որ առավել ուժեղի պապենական օրենքն այլևս բավարար չէ հաղթանակածների հիշողությունը թաղելու համար: Սարսափելի է Անկարայի զրպարտանքը համաձայն որի Բերգոլիոն գտնվում է քսաներորդ դարում Արգենտինայում հաստատված «հայկական լոբբինգի» ազդեցության տակ: Սա մի սովորական սխալ փաստարկ է` ուղղված զոհերի դեմ, որոնք չեն ընդունում լռությունը, որոնց ստորաբար վերագրվում է անհասկանալի իշխանություն և ամբարտավանություն:
Սակայն Ֆրանցիսկոս Պապի ապաքաղաքականությունը մերկացնում է նաև Միացյալ Նահանգների և համառ կառավարության ամոթալի ցինիզմը` ընդունելու մարդու իրավունքների առաջնային լինելը, երբ խաղարկվում է տնտեսական, ռազմական և աշխարհաքաղաքական շահը:
Բարեբախտաբար, երեկ երեկոյան նախարար Ջենտիլոնին ծայրահեղ զգուշությամբ միջամտեց, որպեսզի շտկի տեղակալի սխալ պահելաձևը, ով խստորեն քննադատել էր Ֆրանցիսկոսի խոսքերը: Հնարավոր է, որ իտալական կառավարությունը իր խաղաղ կյանքի համար հայոց ցեղասպանությունը զուտ որպես պատմական տարաձայնություն համարի: Վատ չէ մի երկրի համար, ինչպիսին մերն է, որ վերջերս է խորհրդարանական քվեարկությամբ ներկայացրել է պատմական ժխտման այդքան քննարկված հանցանքը:
Քաջատեղյակ ենք, թե որքան նուրբ է Թուրքիայի հետ մեր հարաբերությունների թեման, հատկապես այսօր, երբ Միջերկրածովյան ափերին ջիհադական հարձակում է բռնկված: Հայոց ցեղասպանությունն իրագործվեց մի վարչակարգի կողմից, որը ստանձնել էր ազգայնամոլությունը որպես հզորության, ուժի նոր քաղաքականություն` իր վախճանին մոտեցող իսլամական խալիֆայության փոխարեն, երբ արդեն թուլանում էր Ստամբուլի Սուլթանի դարավոր կայսերական գործառույթը:
Այսօր Էրդողանը կրկին հավակնում է վերականգնել Օսմանյան կայսրության պատրանքը: Ձախողելով որպես իսլամական նոր պետական մոդելների հենասյուն ներկայանալու փորձը` հիմնված Մահմեդական Եղբայրության արմատականության վրա, որոնք պարտություն կրեցին Եգիպտոսում և Թունիսում, Թուրքիայի նախագահը չի հրաժարվում սուննի իսլամի առաջնորդ դառնալու գաղափարից: Մինչև իսկ վարել է երկիմաստ հարաբերութուններ իսլամական պետությունների հետ, որոնք կարողացել են բավական երկար ժամանակ որպես թիկունք օգտագործել անատոլիական թերակղզին: Նաև անսովոր կոպտությունը, որով Անկարան արձագանքում է Ֆրանցիսկոսի խոսքերին, կարծես միտված է հայկական հարցը իսլամական և քրիստոնեական աշխարհի կրոնական հակադրության գործոնի վերածելուն:
Այս ծուղակն ընկնելուց խուսափելը մեզ պարտականություններից չի ազատում. պետք է ամուր պահենք այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է մեր արևմտյան քաղաքակակրթությունը: Այն իր էությամբ պատասխանատվություն է կրում ցեղասպանության զոհերի դիմաց: Ընդդիմանալով բոլոր նրանց պահանջներին, ովքեր կցանկանային անամոթաբար ջնջել արյունոտ հիշողությունը, ինչպես նաև ցեղասպանությունն իր անունով կոչելով` Ֆրանցիսկոսի մաքուր և անկեղծ հզորությունը, իսկապես մի անպաշպան հզորություն է: Հռոմի եպիսկոպոսը կասկածի տակ է առնում պետական տրամաբանությունը, որով դարեր շարունակ առաջնորդվել է կաթոլիկ եկեղեցին: Այնուամենայնիվ սա ճշմարտության մի կոչ է, որից անգամ ամենաանխիղճ եվրոպական դիվանագիտությունը չի կարող փախչել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին