Der Tagesspiegel. Գերմանիայի նախագահը կարտասանի ցեղասպանություն բառը`առանց դիվանագիտական այլևայլությունների
Հաջորդ շաբաթ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը կարող է Հայոց ցեղասպանությունը կոչել իր անունով: Այս մասին հաղորդում է գերմանական «Der Tagesspiegel» պարբերականը:
Ըստ պարբերականի` դա կարող է Գերմանիայի ֆեդերալ կառավարությանը դնել անհարմար իրադրության մեջ, քանի որ այն ցանկանում է խուսափել Ցեղասպանություն եզրույթը կիրառելուց, սակայն խնդրի շուրջ քննադատությունը գնալով ավելի ազդեցիկ է դառնում, այդ թվում նաև հենց կառավարության անդամների շարքերում:
Ըստ պարբերականի` շաբաթներ շարունակ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալիստական միություն խմբակցությունների ներսում բուռն քննարկումներ են ընթանում Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանություն» կոչելու վերաբերյալ: Նշվում է, որ երկու խմբակցությունների հայտարարությունները ենթարկվում են Կանցլերի և արտգործնախարարության ճնշմանը, որոնց ազդեցությամբ բոլոր տեքստերից դուրս է հանվել Ցեղասպանություն եզրույթը: Այժմ կառավարությունը պետք է հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ երկրի ղեկավարն առավել նպատակահարմար է համարում եղելությունը կոչել «մարդկության դեմ հանցագործության 100-ամյակին» նվիրված միջոցառումներ:
Պարբերականը Գերմանիայի կառավարության խուսափողական կեցվածքը ցեղասպանության փաստը արձանագրելու հարցում համարում է բարոյական վախկոտություն: Նշվում է, որ Գերմանիայի նախագահ Գաուկը Եվրոպայի քրիստոնեական եկեղեցիների հրավերով ապրիլի 23-ին Բեռլինի տաճարում կմասնակցի պատարագի` նվիրված հայերի, ասորիների և պոնտացի հույների ցեղասպանության հիշատակին: Եվ միայն այն փաստը, որ ֆեդերալ նախագահը ընդունել է պատարագին մասնակցելու հրավերը, թույլ է տալիս ենթադրել, որ նախագահն իր նախատեսվող կարճ ելույթում կկիրառի «ցեղասպանություն» բառը` առանց հաշվի առնելու դիվանագիտական հանգամանքները:
«Der Tagesspiegel»-ը մեջբերել է նաև Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի նախագահ Յոզեֆ Շուստերի խոսքերը, համաձայն որոնց «100 տարի առաջ ավելի քան մեկ միլիոն հայեր օսմանյան կայսրության կառավարության հրամանով տեղահանվել են: Նրանք սպանվել կամ մահացել են սովից ու ծարավից անապատներում: Այս սարսափելի իրադարձությունը պետք է կոչել ցեղասպանություն»: Ըստ Շուստերի` ֆեդերալ կառավարությունը հատուկ պատասխանատվություն է կրում այս հարցում, քանի որ գերմանացի սպաները ևս մասնակցել են հայերի բռնագաղթի իրականացմանը: «Հետագայում Հիտլերը հիմնվել է Հայերի ցեղասպանության օրինակի վրա հրեաների ոչնչացումը կազմակերպելու համար»,-նշել է Շուստերը գերմանական պարբերականի հետ զրույցում:
Վերջում թերթը գրել է, որ պատմագետների մեջ այլևս քննարկման առարկա չէ այն հանգամանքը, որ 1915թ-ին Օսմանյան Կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը պետք է ճանաչվի որպես Ցեղասպանություն: Այդուհանդերձ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը` նշելով, որ Թուրքիայի պատմության մեջ չկա ցեղասպանության մեղքի սև բիծ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան