Գերմանացի պատգամավոր. Թուրքիան ինքը պետք է դիմի քայլերի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը
«Գերմանիայի Բունդեսթագում ընդգրկված բոլոր կուսակցություններն էլ քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը: Դեռ չգիտեմ, թե ինչպիսի որոշում կարող ենք ընդունել»,- Կոմիտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեադեմոկտարական կուսակացության անդամ Մարտին Պետցոլդը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նա նաև նշեց, որ իրենց երկրի նախագահն ապրիլի 23-ին Բեռլինի տաճարում մասնակցելու է պատարագին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, ինչն իրենց համար մեծ իրադարձություն է:
Պատասխանելով հարցին, թե Գերմանիան ճանաչել է Հոլոքոստը, չեք կարծո՞ւմ այս տարիների ընթացքում պետք է արդեն ճանաչած լիներ նաև Հայոց ցեղասպանությունը, հայկական ծագում ունեցող գերմանացի պատգամավորն ասաց. «Հոլոքոստն անմիջական կապ ունի մեր պետության հետ և աշխատել ենք անդրադառնալ այդ թեմային ավելի շուտ, անել այնպես, որ մեր կողմից որոշակի քայլեր կատարվեն: Ինչ վերաբերում է Հայաստանին, պետք է Թուրքիան ինքը դիմի քայլերի, ճանաչի Ցեղասպանությունը»:
Ըստ նրա, Գերմանիան ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթաց սկսել կամ ադ գործընթացին օժանդակել:
Մարտին Պետցոլդը նաև պատմեց, որ իր մայրը հայ է, փոքր հասակում սովորել է հայերեն (ի դեպ, նա որոշ հարցերի փորձում էր հենց հայերեն պատասխանել):
«Փոքր հասակում սովորել եմ հայերեն: Հիմա որ սկսում եմ խոսել այստեղ, հիշում եմ: Ես ինձ և գերմանացի եմ համարում, և հայ, սիրտս մի քիչ հայ է, գլուխս՝ գերմանացի: Ես հայ ժողովրդի ցավը զգում եմ իմ մեջ և սրտանց իմ կարեկցանքն եմ հայտնում հայ ժողովրին»,- նշեց գերմանացի քաղաքական գործիչը:
Նա նաև ասաց, որ դեռ մանուկ հասակից լսել է Կոմիտասի մասին և այցելելով Հայաստան՝ մեծ ցանկություն ուներ լինել նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան