Գերմանիան դեռ չի կողմնորոշվում` ասել Ցեղասպանություն, թե` ոչ
Մինչ անցած կիրակի Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների դիրքորոշումները Հայոց ցեղասպանության հարցում հստակ էին, ընդ որում դրանք մեծ մասամբ հակասում էին միմյանց: Եթե գործադիր մարմինը` ի դեմս արգործնախարարության և կանցելարիայի պնդում էր, որպեսզի «Ցեղասպանություն» տերմինը չներառվի 1915թ-ի դեպքերի 100-րդ տարելիցին նվիրված հայտարարության տեքստում, դրանով ընդդիմանալով Բունդեսթագի գրեթե բոլոր խմբակցությունների պահանջին, ապա այսօր իրավիճակը նշանակալիորեն փոխվել է:
Մասնավորապես` Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայմայերը Süddeutsche Zeitung պարբերականին տված մեկնաբանության մեջ, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ասել է. «Այն ինչ պատահել է այն ժամանակ, կարելի է ընդհանրացնել Ցեղասպանություն հասկացության մեջ, ու ես տեսնում եմ դրա բոլոր հիմքերը և շատ լավ եմ հասկանում բոլոր զգացումները»:
Միևնույն ժամանակ արտգործնախարարը Բունդեսթագի խմբակցություններին Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն կազմելու հարցում ըստ հրապարակման` ավելի շատ ազատություն է տրամադրել: Պարբերականը հայտնում է, որ անցած շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի շատ պատգամավորներ են սկսել ճնշում գործադրել արտգործնախարարության վրա` ցեղասպանություն բառը կիրառելու համար, ինչի հետևանքով Շտայնմայերին շատ դժվար աշխատանք է սպասվում ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Պարբերականը նաև հայտնում է, որ իր տեղեկություններով` արտգործնախարարության դիրքորոշման որոշակի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ հարցը համաձայնեցվելու է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հետ: Վերջինս ապրիլի 23-ին` հինգշաբթի օրը մասնակցելու է Բեռլինում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը, որի ընթացքում ըստ SZ-ի տեղեկատվության` չի շրջանցելու ցեղասպանություն բառը:
Գերմանիայում իշխող ՔԴՄ-ՔՍՄ խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգը Saarbruecker Zeitung պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Բունդեսթագը Թուրքիայում տեղի ունեցած հայերի կոտորածները հաջորդ շաբաթ անվանելու է «Ցեղասպանություն» տերմինով:
«Մենք այնպիսի ձևակերպում կգտնենք, որը Թուրքիայում 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության փաստը կանվանի իր անունով», - ասել է Յունգը` հավելելով, որ հայտարարության տեքստը համաձայնեցվելու է արտգործնախարարության հետ: Նա ասել է, որ ելնելով այն բոլոր տեղեկություններից, որոնք առկա են, դա եղել է ցեղասպանություն:
Ֆրանց Յոզեֆ Յունգը պարբերականի հետ զրույցում նաև համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության ժամանակ իր ելույթում նույնպես հնչեցնելու է ցեղասպանություն բառը:
Նախորդող հրապարակում՝
Գերմանիայի արտգործնախարարը չի ասի «Ցեղասպանություն»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը