Ավստրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն կքննարկի
Ավստրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն կքննարկի: Ավստրիական հեղինակավոր «Շտանդարտ» (Der Standard) պարբերականն անդրադարձել է հայտարարությանը ու ներկայացրել վերլուծություն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ փաստաթղթում հղում է արվում նաև Ավստրիայի պատմական պատասխանատվությանը, քանզի այդ տարիներին Ավստրո-Հունգարական կայսրությունը հանդիսանում էր Օսմանյան կայսրության դաշնակիցը:
Պարբերականը տեղեկացնում է, որ 1.5 միլիոն հայերի սպանության փաստը վերջին շրջանում հանրային հնչեղություն է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Եվրոպական պառլամենտի կողմից ցեղասպանություն որակվելու պատճառով: Ներկայացնելով Պապի հայտարարությունն առ այն, որ տեղի ունեցածը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»՝ «Շտանդարտը» նշում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար պապի խոսքերն «արժեք չունեն»:
«Առաջին անգամ իրավիճակն այլ է պաշտոնական Ավստրիայի համար»,- գրում է պարբերականն ու նշում, որ խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ հիշատակված է նաև Թուրքիայի տասնյակ հազարավոր քրիստոնյա այլ բնակիչների՝ արամեացիների, ասորիների, խալդեացիների, պոնտացի հույների կոտորածների փաստը:
Ըստ աղբյուրի, հայտարարության տեքստում ասվում է, որ «Ավստրիան պարտավորվում է սարսափելի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն և դատապարտել այն»: Միևնույն ժամանակ հայտարարությամբ կոչ է արվում Թուրքիային՝ առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի էջերին և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը ճանաչել որպես ցեղասպանություն:
Փաստաթղթում նաև նշվում է, որ հայերի դեմ ուղղված ոճրագործությունը չպետք է մոռացության մատնվի:
«Ազատության, խաղաղության ու մարդու իրավունքների մեր անքակտելի արժեքների ընկալումն անխզելիորեն կապված է բռնությունների, հետապնդումների, արտաքսումների ու զանգվածային սպանությունների զոհերի հիշատակն ըստ արժանվույնս պահելու հետ»,- ըստ պարբերականի՝ ասված է հայտարարության տեքստում:
Պարբերականը տեղեկացնում է, որ ավելի քան 20 երկրներ հայերի կոտորածները ճանաչել են որպես ցեղասպանությունը: Նշելով, որ դա պատմական փաստ է, «Շտանդարտը» տեղեկացնում է, որ Ավստրիան մինչ այժմ խուսափում էր փաստը ճանաչելուց՝ ներկայացնելով ընդամենը մեկ փաստարկ, թե դա տեղի է ունեցել է մինչև 1948թ.՝ մինչև ՄԱԿ համապատասխան կոնվենցիայի ընդունումը:
Թերթը նշում է, որ մինչև այդ տեղի է ունեցել նաև Հոլոքոստը, ինչը պաշտոնական Վիեննան ճանաչում է որպես այդպիսին:
Ինչ վերաբերում է ներկայացված հայտարարությանը, ապա աղբյուրի հաղորդմամբ՝ այս ամսին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դիմել էր Ավստրիայի նախագահ Ֆիշերին, կանցլեր Ֆայմանին, փոխկանցլեր Միթերլեներին և Ազգային ժողովի նախագահ Բուրեսին, խնդրանքով, որ Ավստրիան միանա «մյուս երկրների փորձին» և ի վերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունը: