Եվրոպայի խորհրդում տեղի ունեցավ Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացում (լուսանկարներ)
Այսօր Եվրոպայի խորհրդում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ «Հայերը աշխարհի լրատվամիջոցների առաջին էջերին՝ 100 տարի առաջ» ցուցահանդեսի բացումը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Ցուցահանդեսի բացումը կատարեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորի և Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիեր Ռեյնդերսի հետ միասին, ով ներկայումս նախագահում է ԵԽ Նախարարների կոմիտեում։ Ներկա էին ԵԽԽՎ պատգամավորները, դեսպաններ, հյուրեր, ովքեր կրում էին ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված անմոռուկներ, փողկապներ և շարֆեր։ Մանուշակագույն փողկապով էր նաև Դիդիեր Ռեյնդերսը։
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը բացման խոսքում ասաց, որ մեծ պատիվ է ներկա գտնվել այս կարևոր ցուցահանդեսի բացմանը, որը տեղի է ունենում հայոց կոտորածների 100-ամյա տարելիցի հիշատակումից 2 օր առաջ։
«Ես այսօր նաև ցանկանում եմ հույս հայտնել, որ կոտորածների հիշատակման արարողություններից հետո հնարավոր կլինի երկխոսություն սկսել թուրքական պատվիրակության հետ։ Միայն երկխոսության միջոցով է հնարավոր հասնել խնդիրների լուծմանը։ Սա է իմ ուղերձը։ Ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհվածների հիշատակին և նրանց ժառանգներին»,-ասաց Անն Բրասյորը։
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, ովքեր քաջություն ունեցան 100 տարի առաջ կատարվածն իրենց անունով կոչել՝ Ցեղասպանություն և դատապարտել կատարվածի հերքումը։
«Մի քանի օր առաջ Ֆրանցիսկոս պապը խոսեց հայերի կոտորածների մասին և այն անվանեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն և միջազգային հանրությանը կոչ արեց ճանաչել ցեղասպանությունը։ Սա կարևոր ազդակ է։ ԵԽԽՎ ավելի քան 190 պատվիրակներ ևս հիշատակում են ցեղասպանությունը՝ միանալով ցեղասպանության 100-ամյա տարելիցի հայտարարությանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ կարևոր չէ, թե որքան ժամանակ է անցել։ Մենք հիշում ենք և պահանջում»,-ասաց Հերմինե Նաղդալյանը։
Բելգիայի ԱԳ նախարար Դիդիեր Ռեյդերսին Հերմինե Նաղդալյանը նվիրեց ցուցահանդեսում ներկայացված պատկերներով գիրքը, ով մի քանի որից պաշտոնական այցով կլինի Հայաստանում։
Նշենք, որ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում, որոնց շնորհիվ նաև պրոհայկական շարժումներն ու նախաձեռնությունները մեծ թափ ստացան և սկսվեցին հումանիտար դրամահավաքի արշավները՝ օգնելու ցեղասպանություից փրկվածներին։
Ցուցահանդեսը հարգանքի տուրք է նրանց, ովքեր ակտիվորեն աջակցում էին հումանիտար գործողություններին, ինչպես նաև խիզախ օտարերկրյա դիվանագետներին, կամավորներին, ովքեր անգնահատելի աջակցություն են ցուցաբերել հայերին` այդ դաժան ժամանակներում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին