Սաուդյան Արաբիան հայտարարել է Եմենում ռազմական գործողություններն ավարտելու մասին
Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան հայտարարել է Եմենում հուսիների դեմ մեկ ամիս տևած «Վճռականության փոթորիկ» գործողությունն ավարտելու և նորը սկսելու մասին, որի նպատակն է քաղաքցիներին պաշտպանել հուսիներից: Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն:
Կոալիցիայի մամուլի խոսնակ գեներալ Ահմեդ Ալ-Ասիրին ասել է, որ կոալիցիայի նոր գործողությունն կրելու է «Հույսի վերականգնում» անվանումը: Նոր գործողությունը սկսվել է ապրիլի 21-ին` կեսգիշերը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հուսիների դեմ օդային հարձակումները սկսել էր մարտի 26-ին, երբ հուսիները գրավել էին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպել գործող նախագահին փախչել երկրից:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` վերջին մի քանի շաբաթներում Եմենում թեժացած մարտերի հետևանքով զոհվել է 944 մարդ, վիրավորվել 3487-ը: