Իտալիայի խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 23-ին Իտալիայի սենատում Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության ժամանակ ունեցած ելույթից հետո Սենատը մեկ րոպե լռությամբ հարգել է զոհերի հիշատակը: Այս մասին հաղորդում է իտալական ANSA լրատվական գործակալությունը «Հայեր. մեկ րոպե լռություն Սենատում» անդրադարձում:
Ելույթում սենատորը մեջբերել 1915թ. Տրապիզոնում Իտալիայի հյուպատոս Ջիակոմո Գորինիի հարցազրույցից հատվածներ, նշելով, որ նրա վկայությունները հայերի բնաջնջման մասին իտալական կարևորագույն փաստաթղթերից են:
«Մարդկանցով լի նավերը խորտակեցին: Տղամարդկանց և երիտասարդներին գլխատեցին: Ապա երիտասարդ աղջիկներին գողացան և բռնաբարեցին, իսկ երեխաներին գերի վերցրեցին: Հայ ազգի գրեթե երեք քառորդը Թուրքիայում ամենադաժան սպանդի ենթարկվեց: Օգտագործեցին պողպատապատ վագոններով պարզունակ գազախցիկներ և զանգվածաբար բնաջնջեցին»- ցիտելով հյուպատոս Գորինիին՝ հայտարարել է սենատորը:
Սենատոր Դե Բիազի խոսքով՝ սա է պատճառը որ Հայոց ցեղասպանությունը նշվում է որպես ցեղասպանությունների դարի առաջին ցեղասպանություն:
Նա կարևորել է Եվրախորհրդարանի կողմից այս շաբաթ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը և նկատել, որ Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը աշխարհը ցնցեց անտարբերությունից և խաղաղության ու ժողովուրդների համերաշխության մի նոր ճանապարհ բացեց:
«Այն դասը, որ մեզ տրվում է ցեղասպանությունների դարից, վերջնական է: Մենք ցանկանում ենք, որ այն ինչ տեղի է ունեցել, այլևս չկրկնվի: Եվ դրա համար է, որ մենք պայքարում ենք ազգերի ազատության, արժանապատվության և մարդու իրավունքների պաշտպանության համար՝ որպես համամարդկային արժեքների, առավել ևս այսօր, երբ ականատես ենք դաժան ծայրահեղականության վերադարձի, որը վերացնում է քրիստոնեական մշակութային արժեքներն ու ժառանգությունը», - իր ելույթում ընդգծել է սենատորը:
«Մենք այդ մասին ասում ենք այսօր՝ հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: Իսկ մի քանի օրից՝ ապրիլի 25-ին տոնելու ենք ֆաշիզմից մեր երկրի ազատագրման 70-ամյակը, հետևաբար ասում ենք զգոնության և ժողովրդավարության համար մեր ընդհանուր պայքարի նպատակով: Եվ այս պատճառով է, որ կհիշատակենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակը՝ ելնելով համերաշխության և մտերմության ոգուց, որոնք այդքան հարազատ են Հայաստանի հետ բարեկամություն միջխորհրդարանական խմբին, որը պատիվ ունեմ ղեկավարելու: Պարոն Նախագահ, հիշատակելով այդ սարսափելի փաստերը՝ այդ ցեղասպանությունը, որը ցավոք ճանապարհ հարթեց այսպես կոչված Ցեղասպանությունների դարին, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերի, ինչպես նաև այլ ցեղասպանությունների միլիոնավոր զոհերի, այս կարճ դարում, որը թողել ենք մեր հետևում, որպեսզի նայենք դեպի ապագա և որպեսզի ահազանգ և հուսո խորհուրդ հնչեցնենք, խնդրում եմ Ձեզ կոչ անել Ժողովին մեկ րոպե լռության»,- իր էլույթը եզրափակել է Էմիլիա Գրացիա Դե Բիազը:
Ելույթից հետո սենատի նիստը նախագահող փոխնախագահ Ֆեդելիի առաջարկով սենատորները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:
Ելույթի ամբողջական տեքստը տեղադրված է Սենատի պաշտոնական կայքէջում և լայնորեն մեկնաբանվում է իտալական առաջատար զանգվածային լրատվամիջոցների կողմից: Սենատորի ելույթին են անդրադարձել մասնավորապես Giornale Di Brescia, La Gazzetta del Nezzogriorno , La Sicilia , Corriere Della Sera , NewMediaMagazine , FonteNews , euronews-ի իտալական ծառայությունը և այլ առաջատար պարբերականներ ու գործակալություններ: