Նախագահը՝ CNN Turk-ին. Ակնալում եմ, որ Էրդողանն ավելի ամուր ու խորիմաստ կգտնվի և իրական հայտարարություն կանի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում պատասխանել է մի շարք առաջատար միջազգային լրատվամիջոցների՝ Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին:
CNN Turk-ի թղթակցի հարցն ու Նախագահ Սարգսյանի պատասխանը՝ ստորև.
-Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ելույթ ունեցավ և ասաց, որ ապրիլի 24-ին Թուրքիան խաղաղության գագաթաժողով է ուզում անցկացնել, ոչ թե Հայաստանն է իր օրակարգը: Հայտարարություն է արել նաև Դավութօղլուն, ով չի օգտագործել Ցեղասպանություն բառը, բայց ասել է «մարդասիրական հանցագործություն» բառը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ,իսկ Էրդողանը շատ ավելի խիստ էր արտահայտվում: Ի՞նչ եք կարծում նրան մոտեցումների, այդ որակումների մասին:
-Ես համարում եմ, որ այդ որակումները և անցյալ տարի պարոն Էրդողանի, այս տարի պարոն Դավութօղլուի այն հայտարարությունները, որտեղ տեղ են գտել այդ որակումները, ուղղակի հնարք են խափանելու այն ընթացքը, որն այսօր ունի Հայոց ցեղասպանության ճանաչումը ողջ աշխարհում: Ես ավելացնելու ոչինչ չունեմ և չեմ էլ ցանկանում մեկնաբանել պարոն Դավութօղլուի ասածները, որովհետև ինձ համար նախ զարմանալի էր, թե ինչու պարոն Դավութօղլուն այդ հայտարարությունը երեք-չորս օր շուտ արեց, այլ ոչ թե ապրիլի 24-ին, կամ գոնե ապրիլի 24-ի նախօրեին: Այսինքն, սա մեկ անգամ ևս փորձ էր՝ ինչ-որ կերպ հանդարտեցնելու միջազգային հանրությանը, ասելու՝ տեսեք, ես ինչ բառեր եմ օգտագործում և այլն: Չեմ ուզում մեկնաբանել, ուղղակի ակնկալիք ունեմ, որ վաղը կամ մյուս օրը պարոն Էրդողանն ավելի ամուր և խորիմաստ կգտնվի ու կանի իրական հայտարարություն, որտեղ նա կասի այն, ինչ-որ պետք է ասի: Եվ սա, իրոք, կարող է հաշտեցման գործընթացի դուռ բացել մեր երկու ժողովրդների միջև: Ավելի ճիշտ՝ ոչ թե մեր երկու ժողովրդների, այլ Թուրքիայի իշխանությունների և մեր միջև, որովհետև ես որևէ կշտամբանք կամ «թթու խոսք» չունեմ ասելու թուրք ժողովրդի հասցեին: Իմ աշխատանքի բերում ես բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ինչպես թուրքական իշխանությունների ներկայացուցիչների, այնպես էլ հասարակ թուրք մարդկանց հետ: Մտածելակերպը, մոտեցումները տարբեր են: Այնպես որ, մենք ակնկալում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից հայտարարություն, որը երկար և հարթ ճանապարհի սկիզբ կարող է լինել:
Նախորդիվ`
Նախագահը՝ Reuters-ին. Թուրքիայի ղեկավարությունը մշտապես ինչ-որ նախապայմաններ է փորձում առաջադրել (տեսանյութ)
Նախագահը՝ Al Jazeera-ին. 100-ամյա տարելիցը որևէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ (տեսանյութ)