Լռություն՝ Սենատում, պատարագ՝ Միլանում, քայլերթ՝ Հռոմում. իտալական մամուլի անդրադարձը
Իտալիայում ապրիլի սկզբից ի վեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ ու ակցիաներ են անցկացվել, որոնք լայնորեն լուսաբանվել են նաև տեղական մամուլով:
Հայոց ցեղասպանության թեման իտալական տեղեկատվական օրակարգ մտավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիա կատարած պաշտոնական այցի և հատկապես Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին մատուցված պատարագի առիթով և մինչ օրս մնում է իտալալեզու մամուլի օրակարգում:
Չնայած այն հանգամանքին, որ Իտալիայի հայ համայնքն իր ծավալներով ու ազդեցությամբ էականորեն զիջում է բազմաթիվ այլ երկրների հայ գաղթօջախներին, այնուամենայնիվ Վատիկանում Հռոմի պապի կողմից մատուցված պատարագի հնչեղությանը որևէ այլ միջոցառում չարժանացավ: Հատկանշական է նաև այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների ու ակցիաների լուսաբանման առումով Իտալիան առաջատարներից էր:
Առանցքային իրադարձություններից մեկն Իտալիայի սենատում ապրիլի 23-ին Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազի հնչեցրած ելույթն էր ու առաջարկը՝ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Դե Բիազիի ելույթը ոչ միայն ամբողջությամբ տեղադրվեց Սենատի պաշտոնական կայքէջում, այլև՝ լայնորեն լուսաբանվեց ու մեկնաբանվեց Իտալիայի առաջատար լրատվամիջոցների կողմից: Սենատորի ելույթին են անդրադարձել մասնավորապես` Giornale Di Brescia, La Gazzetta del Nezzogriorno, La Sicilia, Corriere Della Sera, NewMediaMagazine, FonteNews , Euronews-ի իտալական ծառայությունը և այլ առաջատար պարբերականներ ու գործակալություններ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին Իտալիայի տարբեր մարզերում հիշատակի ու ոգեկոչման արարողություններ էին անցկացվում, որոնցից հիշատակման արժանի է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Հռոմի կոմիտեի կողմից «Հիշատակի քայլեր» խորագրով մայրաքաղաք Հռոմում անցկացված քայլերթը:
Նախաձեռնությունը ոչ միայն մեծ արձագանք է ստացել, այլև համախմբել է քսանից ավելի կազմակերպությունների, որոնց թվում էին ինչպես հայկական, այնպես էլ տեղի հասարակական կազմակերպություններ ու ազգային այլ փոքրամասնություններ: Քայլերթի մասնակիցները ակցիայի ընթացքում հնչեցրել են նաև հոգևոր երաժշտություն՝ Կոմիտաս, ընդ որում՝ ոչ միայն հայորդիների, այլև մշակույթի ոլորտի իտալացի ներկայացուցիչների կատարմամբ, որոնց թվում էր նաև դերասանուհի Կլաուդիա Մանչինելլին:
Այս ակցիան լայնորեն լուսաբանվել է իտալական մամուլի՝ հատկապես հեռարձակող լրատվամիջոցների կողմից:
Ուշագրավ է, որ Corriere TV-ի պատրաստած ռեպորտաժում մասնակիցներից մեկը նշում է, որ հիշատակի այդ միջոցառումն իրականացվում է խաղաղ երթի միջոցով, քանզի այդպիսին է հայկական մշակույթը: «Մենք երբեք չենք հավատացել ոչ մեկին, բայց միշտ հավատ ենք ունեցել և ունենք, որ կճանաչվի ցեղասպանությունը մյուս երկրների կողմից։ Հարյուրամյա մերժումը կարճ ժամանակ չէ։ Շատ երկրներ կան, որ մերժում են մինչ օրս, բայց վերջապես պապ Ֆրանցիսկոսն օգտագործեց այդ բառը և հաստատեց, որ եղել է ցեղասպանություն»,- հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ասել է Գևորգ անունով երիտասարդը, ով ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է և ապրում է Հռոմում։
Միջոցառմանն անդրադարձել են նաև իտալական այլ լրատվամիջոցներ ևս, ինչպես օրինակ՝ Le Ultime Notizie-ն , կամ Futuro Quotidiano-ն:
Իտալիայում անցկացված ապրիլքսանչորսյան միջոցառումներից հիշատակման արժանի է նաև Միլանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը, որի շրջանակներում պատարագ է մատուցվել Կարդինալ Անջելո Սկոլայի կողմից:
Արարողությանը ներկա է գտնվել Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը: Իտալական մամուլի անդրադարձերում, մասնավորապես Avvenire պարբերականի ռեպորտաժում, կարելի է հանդիպել դեսպան Ղազարյանի մեկնաբանություններին , որոնցում նա խոսել է Հայոց ցեղասպանության և թուրքական ժխտողականության մասին:
Միլանում տեղի ունեցած միջոցառմանն անդրադարձում Il Giornon բացի դեսպանի գնահատականներից, ներկայացրել է նաև Հայր Թովմա Խաչատրյանի մեկնաբանությունները, որոնցում նա խոսել է ժխտողականության բացասական հետևանքների մասին:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են նաև իտալական Պադուա նահանգում: Զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին ներկա են եղել տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և հոգևորականության ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա է եղել նաև Պադուայի նահանգապետ Էնոխ Սոռանզոն, ով հանդես է եկել ելույթով` նշելով, որ մեր օրերում հնարավոր չէ չհիշել մարդկության մեծագույն այս ողբերգությունը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներից, որը նաև տեղի մամուլի մեծ ուշադրությանն է արժանացել, պետք է առանձնացնել Հռոմի քաղաքապետ Ինյասո Մարինոյի նախաձեռնությունը՝ երեկոյան ժամը 22:00-ին 15 րոպեով մարել Հռոմի գլխավոր տեսարժան վայրի՝ Կոլիզեումի գիշերային արտաքին լուսավորությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի:
Իտալական մամուլն այս առնչությամբ ոչ միայն անդրադարձել է աննախադեպ ակցիային, այլև մեջբերել է Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի մեկնաբանությունը. «Տպավորիչ է տեսնել Կոլիզեումը մթության մեջ՝ ի հիշատակ 1.5 միլիոն զոհերի, սակայն շատ ավելի տեսնել Կոլիզեումը՝ կրկին լուսավորված: Դա մեզ հույս է տալիս ապագայի նկատմամբ»:
Ապրիլի 24 -ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել նաև Իտալիայի Բարի քաղաքում: Միջոցառումը ացկացվել է քաղաքի Կոլումբոս անունը կրող հրապարակում, որտեղ տեղակայված է նաև հայկական խաչքար: