Մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում. համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ առանձին կայացած հանդիպման արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից:
Համանախագահների կողմից տարածված հայտարարության համաձայն՝ նախարարները համանախագահներին մանրամասներ են ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ապրիլի 24-25-ին Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին:
«Մենք շեշտել ենք յուրաքանչյուր նախարարին երկու երկրների նախագահների երկխոսության ակտիվացման և այս տարվա ընթացքում ավելի ուշ նախագահների հանդիպում կազմակերպելու կարևորությունը: Նախարարները համաձայնեցին կրկին հանդիպել միմյանց՝ համանախագահների մասնակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգը ձևակերպելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ համանախագահները նաև արձանագրել են, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
«Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղիվերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»,- նշել են համանախագահները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը