Արցախում վաղը կայանալիք ընտրություններին ընդառաջ Ստեփանակերտ են ժամանել դիտորդներ Եվրոպայից և ԱՄՆ-ից
Վաղն Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԱԺ պատգամավորական 33 մանդատի համար կպայքարի 42 մեծամասնական և 164 համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
«Եթե ընտրություններին մասնակցող համամասնական և մեծամասնական թեկնածուների թիվը համեմատենք նախորդ` 2010թ.-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների թեկնածուների թվի հետ, ապա պետք է արձանագրենք, որ այն գրեթե կրկնապատկվել է»,- հավելել է ԼՂՀ ԿԸՀ նախագահը:
Նրա խոսքով` վաղն ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 101 հազար 653 ընտրող:
«Պետք է ասեմ, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ այս թիվը ևս ավելացել է: 2010թ.-ին մենք ունեինք 3135-ով պակաս ընտրող»,- ասել է Սրբուհի Արզումանյանը:
Սա նշանակում է, որ վաղն Արցախում ընտրություններին կմասնակցի ընդհանուր բնակչության 68%-ը:
«Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով արդեն Արցախ են ժամանել 100-ից ավել միջազգային և 110-ից ավել տեղական դիտորդներ»,- ասաց Սրբուհի Արզումանյանը` նշելով, որ այս թիվը դեռ կփոփոխվի, քանի որ մինչև վաղը դեռ հյուրեր են լինելու:
Նշենք, որ Արցախ են ժամանել դիտորդներ Եվրոպայից, ԱՄՆ-ից և այլ պետություններից:
«Հույս ունենանք, որ վաղը կգրանցվի ընտրողների մեծ ակտիվություն: Ընդհանրապես Արցախում ընտրությունները միշտ ակտիվ են անցնում: Օրինակ նախորդ ընտրությունների ժամանակ գրանցվել է 67,8% մասնակցություն»,- ասաց Սրբուհի Արզումանյանը` բոլոր ներկաներին վաղը ցանկանալով արդար ու ժողովրդավարական ընտրություններ: