Արա Հարությունյան. Այս ընտրություններն ավելի շատ պետք են մեզ ու մեր ժողովրդին
Ես այսօր քվեարկեցի հանուն մեր երկրի ապագայի: Այս մասին Արցախի խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի վարչապետ, այս ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորող Արա Հարությունյանը: Հաղորդում է «Panorama.am»-ի թղթակիցը Ստեփանակերտից:
Անդրադառնալով իր կուսակցության հետ կապված ակնկալիքներին՝ վարչապետը նշեց, որ ժամեր հետո ամեն բան պարզ կլինի, ակնկալիքներից խոսելն անիմաստ է:
Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Արցախի ԱԺ ընտրությունների ճանաչմանը՝ Արա Հարությունյանն ասաց, որ դա, իհարկե, ցանկալի կլիներ, բայց դա չէ առաջնայինը:
«Այս քայլով, մենք՝ որպես ժողովրդավար պետություն, ձևավորում ենք ևս մեկ պետական մարմին՝ օրենսդիրը: Ինձ համար սա է կարևոր: Ես ասել եմ՝ այս ընտրությունններն ավելի շատ պետք են մեզ ու մեր ժողովրդին»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք վարչապետի կարծիքով, նոր ձևավորվող խորհրդարանը ավելի լավ զսպող օղակ կլինի՞ կառավարության համար, Արա Հարությունյանը պատասխանեց, որ իրենց համար առաջնային ու կարևոր զսպող օղակը Արցախի ժողովուրդն է:
Նշենք, որ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունն այսօր Արցախի խորհրդարանում մեծամասնություն է կազմում: