Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քննչական կոմիտեն մանրամասներ չի հրապարակում
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են տարբեր անձինք: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը`պատասխանելով մեր հարցին, թե արդյոք մարզպետի որդին հարցաքննվել է:
«Այդ գործի շրջանակներում ձեռնարկվում են տարբեր քննչական և դատավարական միջոցառումներ սակայն քննության շահերից ելնելով մանրամասներ չենք հրապարակում», -հավելեց Քննչական կոմիտեի պաշտոնյան` չնշելով կոնկրետ անձանց անուններ:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը գրել էր, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Գորիս բժշկական կենտրոնից» Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հ. Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ. Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ. Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք:
Սյունիքի մարզային դատախազությունում մայիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քրեական գործը մայիսի 5-ին ստացվել է Գորիսի քննչական բաժնում։
Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, տուժածի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, միջադեպին մասնակցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Panorama.am-ը խոսել էր Հարություն Զաքարյանին բուժող բժշկի հետ, որն ասել էր , որ նրա առողջական վիճակը ծանր է, աչքը վնասվել է: Իսկ հայրը`Գագիկ Զաքարյանը ասել էր, որ բողոքների ու պահանջների ժամանակը չէ և իրեն այս պահին հետաքրքրում է որդու առողջությունը: