Հայոց եկեղեցին `ընդդեմ Թուրքիայի
Հայոց եկեղեցու իրավական հայցը ընդդեմ Թուրքիայի կառավարության շարունակվում է: Հնագույն կաթողիկոսարանի տարածքի պահանջը միայն սկիզբն է պահանջատիրության այն մեծ շղթայում, որը ներկայացվելու է Թուրքիային`հետ ստանալու համար Ցեղասպանության ժամանակ հայերից բռնազավթված գույքն ու ունեցվածքը: Այս մասին գրում է «International Business News» պարբերականը:
Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն հայոց կաթողիկոս Արամ Առաջինը հայտնել է, որ եթե Թուրքիան մերժի եկեղեցու պահանջը, ապա դա ավելի կխորացնի Թուրքիայի և հայկական սփյուռքի միջև առանց այն էլ առկա մեծ անջրպետը:
Պարբերականը գրում է, որ Արամ Առաջինը հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարի առաջամարտիկներից է եղել, ով հիմա փորձում է ճանաչմանը զուգահեռ թուրքական կողմին առաջադրել պահանջատիրության խնդիրը`փոխհատուցում պահանջելով աշխարհասփյուռ հայության համար:
Հոդվածագիրը մեջբերում է Արամ Առաջինի խոսքերը, համաձայն որոնց` «Ադանայում գտնվող հայկական կաթողիկոսարանի պահանջը առաջին իրավական քայլն է: Դրան հետևելու է բոլոր հայկական եկեղեցիների, վանքերի, դրանց կից հողերի ու կառույցների և վերջապես իրենց հայրենիքը հարկադրաբար լքած մարդկանց մասնավոր սեփականության պահանջը: Պետք է առաջ շարժվել քայլ առ քայլ»:
Պարբերականը նշում է, որ Ադանայի հայկական կաթողիկոսարանը թվագրվում է 1293թ-ին և մեկն է հայկական սեփականություն հանդիսացող այն տասնյակ հազարավոր նմուշներից, որոնք բռնազավթվել են Օսմանյան Կայսրության գոյության վերջին տարիների ընթացքում:
Թեև եկեղեցին վաղուց այլևս տեղ չունի կաթողիկոսարանում և մնացած բռնազավթված տարածքներում, այնուամենայնիվ, Արամ Առաջինը անգամ չի քննարկում դրանց հայկական լինելու հանգամանքը: «Դրանք բոլորը պատկանում են հայկական եկեղեցուն և ուրիշ ոչ մեկի, ոչ ոք չի կարող քննարկման հարց դարձնել այդ կառույցների սեփականության իրավունքի կամ ինքնության հարցը»,-նշել է Արամ Առաջինը:
Նշենք, որ Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցը աննախադեպ քայլ է: Որոշվել է, որ հայցի մերժվելու դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը նույն խնդրով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան