«Աստված փրկեց». Սուրիկ Խաչատրյանը՝ մահափորձից հետո
«Դեպքը ինչպիսին ուզում ա ըլնի, ես հեսա, սաղ ձեր դեմ կայնած եմ էլի: Աստված փրկեց», -այսօր Բջնիում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ պատասխանելով իր նկատմամբ կատարված մահափորձի մասին հարցին:
Նա եկել էր Բջնի մասնակցելու արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը:
Այնուհետև դիմելով լրագրողներին, մարզպետը քմծիծաղելով ասաց. «Որ դուք էլ բարի լինեք, ձեզ էլ կփրկի Աստված»:
Հարցին, թե տեղեկություններ են շրջանառվում, որ այդ ամենը հենց մարզպետի կողմից կազմակերպված է, Խաչատրյանը արձագանքեց. «Ձեզանից բացի ուրիշ խոսող չկա, մենակ դուք եք էդ մասին խոսում»:
Նաև ասաց, որ չի վախենում, թե մահափորձը կկրկնվի:
Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ մայիսի 20-ին կրակահերթն արձակվել էր Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում: Ավտոմեքենայի մեջ եղել են Սուրիկ Խաչատրյանը և ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ։ Քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։ Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս, ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ և կրակոցների արգասիքների հետքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։