Պետք չէ Վենետիկի հանձնաժողովը դարձնել սուրբ կով. Նաիրա Զոհրաբյանը` Արծվիկ Մինասյանին
«Որակական առումով մեր հիմնական առաջարկությունները չեն ընդունվել, իսկ դրանք, մեր համոզմամբ, հնարավորություն կտային էականորեն առավել թափանցիկ դարձնել ընտրական գործընթացները», -Ազգայի ժողովում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ այս օրինագծում առաջարկություններ ներկայացրել էին «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային կոնգրես և «Ժառանգություն» խմբակցությունները միասին:
Առաջին փոփոխությունը, որը օրինագծի հեղինակները չէին ընդունել, ընտրացուցակները հրապարակելու մասին առաջարկությունն է:
«Գիտեք ինչ, պետք չէ Վենետիկի հանձնաժողովը դարձնել սուրբ կով և անընդհատ հղում անել այդ հանձնաժողովին: Որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ ես անընդհատ հանդիպում եմ Վենետիկի հանձնաժողովի անդամներին, այո, նրանք ունեն որոշակի վերապահումներ ընտրացուցակների հետ կապված, բայց պարոն Մինասյան, վստահեցնում եմ Ձեզ, եթե մենք հրապարակենք ընտրացուցակները և անցկացնենք ազատ, արդար ընտրություններ, Վենետիկի հանձնաժողովը միանշանակ դա կողջունի: Այդուհանդերձ, եթե մենք որոշենք հրապարակել ընտրացուցակները Վենետիկի հանձնաժողովը և դրա նախագահ Ջանի Բուքիքիոն հաստատ չի կախվի», -հայտարարեց Զոհրաբյանը:
Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչու չի ընդունվել իրենց մյուս առաջարկությունը այն մասին, որ հաշմանդամություն ունեցող անձը, որին հայաստանյան ընտրություններում ստիպողաբար բերում են ընտրատեղամաս, ներկայացնի հաշմանդամությունը ապացուցող տեղեկանք:
Նա հայտարարեց, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը կողմ չէ Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծում ներկայացված փոփոխություններին: «Իսկ թե դեմ կլինենք, թե ձեռնպահ, խմբակցությունը կորոշի վաղն առավոտյան խմբակցության նիստում», -հավելեց պատգամավորը: