Հայաստանը ՆԱՏՕ-ի համար վստահելի գործընկեր է. արտգործնախարար
Միջազգային հարաբերություններում աննախադեպ փոխկապակցվածության և փոխազդեցությունների արդի դարաշրջանում մարդկության առջև ծառացած մարտահրավերների լուծումը համատեղ և համերաշխ ջանքեր է պահանջում: Հայաստանը ևս փորձում է իր նպաստը բերել միջազգային անվտանգության ամրապնդման գործընթացներում և այդ առանցքում կարևոր դեր է հատկացնում ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններին: Այս մասին իր ելությում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարի բացման նստաշրջանին, տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Վերջին տարիներին միջազգային հարաբերություններում ծավալվող նորօրյա մարտահրավերները, անվտանգության միջավայրի սպառնալիքները, որոնք եկել են գումարվելու դեռևս լուծման կարոտ հիմնահարցերին, առավել արդիական են դարձնում նման քննարկումները: Հուսով եմ, որ երևանյան սեմինարը հնարավորություն կտա անդրադառնալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրներին և արդյունավետ ներդրում կկատարի դրանց հանգուցալուծմանն ուղղված քննարկումներում»,-նշել է արտգործնախարարը:
Նրա խոսքերով Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը դեռևս 1990-ականների սկզբից ընթանում է Գործընկերություն հանուն խաղաղության և Եվրատլանտյան գործակցության խորհրդի, ինչպես նաև՝ համաձայնեցված երկկողմ ծրագրերի իրականացման շրջանակներում: 2006թ.-ից ի վեր մեր համագործակցության հենքն է հանդիսանում Անհատական գործընկերության գործողության ծրագիրը, որի հերթական փուլը գտնվում է իրականացման ընթացքում:
«Մեր օրակարգային առանցքային թեմաներից է քաղաքական երկխոսությունը անվտանգության խնդիրների շուրջ: Այն պարբերաբար ընթանում է տարբեր մակարդակներով, ներառյալ՝ ամենաբարձր: Այդպիսի առիթ ներկայացավ 2014թ. սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՆԱՏՕ-ի՝ Ուելսի գագաթաժողովին` Աֆղանստանի՝ Միջազգային անվտանգության աջակցության ուժերին ներդրում կատարող երկրների ձևաչափով:
Հայաստանի արտգործնախարարը 2014թ. դեկտեմբերին Բրյուսելում մասնակցեց “Հաստատակամ աջակցություն” առաքելության մեկնարկի նախարարական հանդիպմանը և վերահաստատեց առաքելությանը հայկական կողմի մասնակցության որոշումը: Ինչպես գիտեք, դեռ 2010թ. փետրվարից Հայաստանը ներգրավվեց Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցության ուժերում, մեկ տարի անց` 2011թ. հուլիսին, եռապատկելով իր զորախմբի թվաքանակը: Այս տարվա հունվարից հայկական զորախումբը շարունակում է իր ծառայությունն արդեն նոր` «Հաստատակամ աջակցություն» առաքելության շրջանակներում: Անցած տարիների ընթացքում հայ խաղաղապահները փոխգործակցության անգնահատելի փորձ ձեռք բերեցին Միջազգային անվտանգության աջակցության ուժերի շրջանակում:
Հայաստանը շարունակում է նաև իր մասնակցությունը Կոսովոյում խաղաղության հաստատման առաքելությանը:
Հյուսիսատլանտյան դաշինքի հետ առարկայական համագործակցություն է ծավալվում նաև պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակների, հանրային դիվանագիտության և այլ ոլորտներում:
Մենք առանձնակի կարևորում ենք նաև Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության խորհրդարանական ձևաչափը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ակտիվ մասնակցությունը, որի վկայություններից է և այս սեմինարի անցկացումը:
Ռոզ-Ռոթ սեմինարը և նման այլ բնույթի միջազգային միջոցառումները պետք է ծառայեցվեն կառուցողական երկխոսության նպատակներին: Այդ երկխոսությունն անհրաժեշտ նախապայման է՝ ճգնաժամերը կանխելու և առավել ևս դրանք կարգավորելու համար: Այն անհրաժեշտ նախապայման է արդեն իսկ գոյություն ունեցող և մեր առջև ծառացող նոր մարտահրավերներին համարժեք և արդյունավետ դիմակայելու համար»,-ասված է եղել նախարարի ելույթում:
Նախորդող հրապարակում՝
Է.Նալբանդյան. Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում