Դ. Հարությունյան.Աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության հարցում կներգրավվեն ակտիվիստներն ու ընդդիմությունը
Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է էներգետիկ համակարգի խնդիրներին՝ ընդգծելով, որ կառավարությունը պլանավորում է էներգետիկ համակարգի զարգացումները՝ մինչև 2036 թվականը:
Հիմքում կայանների մաշվածության, էլ. էներգիայի օգտագործման աճի տենդենցներն են, որոնք էլ, ի վերջո, հանգում են սակագնին, ուստի պետք է ընտրել ռազմավարության այնպիսի մոդել, որը կնվազեցնի սակագինը:
Խոսելով ՀԷՑ-ում սպասվող աուդիտի մասին՝ Դ. Հարությունյանն ասել է, որ ՀԷՑ-ը ռազմավարական ընկերություն է, ուստի կառավարությունը շահագրգռված է, որ այնտեղ ամեն ինչ պատշաճ լինի, իսկ ընկերության կառավարման լավ կամ վատ լինելը չի ազդել հոսանքի սակագնի վրա:
«Ամենակարևորը աուդիտ և խորհրդատվություն անցկացնող ընկերության ընտրության հարցն է: Իմ նախնական պատկերացումներով՝ պիտի ընտրենք աշխարհի լավագույն 10 ընկերություններից մեկին, խորհրդակցենք հասարակական ակտիվիստների, խորհրդարանական ընդդիմության հետ, որ նրանք այդ ցանկից հնարավորություն ունենան ընտրել, ենթադրենք, 3-4-5 ընկերություն, որից հետո կանենք մրցույթ, կտեսնենք, թե որ ընկերությունը կառաջարկի լավագույն գինը»,- ասել է նա:
ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխության կամ ընկերությունն ազգայնացնելու տարբերակները կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը չի բացառել, բայց շեշտել է, որ կարևոր սկզբունք կա . պետությունը չպետք է անձամբ կառավարի այդ ընկերությունները:
«Մենք որպես օպերատոր, կառավարիչ, պետք է ընտրենք միջազգային ճանաչված ընկերության»,- ասել է նա:
Դ. Հարությունյանը շեշտել է նաև, որ էլ. էներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքողները երկու պահանջ և հարցադրում են բարձրացնում . դեմ ենք թանկացմանը և որքանով է արդարացված թանկացումը, արդյոք մենք վճարելո՞ւ ենք չարաշահումների դիմաց: Վերջին հարցադրումն, ըստ նախարարի, ավելի լուրջ է ձևակերպված:
«Ես ամբողջովին կիսում եմ վերջին տեսակետը: Բացարձակապես չեմ կարող համաձայնվել առաջին տեսակետի հետ: Եթե ինչ-ինչ պատճառներով դոլար-դրամ հարաբերակցությունը փոխվեց, և գազը, որը Հայաստանին վաճառվում է դոլարով, թանկացավ՝ դրամային առումով, ապա անխուսափելի է, որ հոսանքը, որն արտադրվում է գազի հիման վրա, թանկանալու է: Այլ խնդիր է՝ որքանով է ճշգրիտ հաշվարկված այս ավելացումը և որքանով է վստահելի իշխանության այն պնդումը, որ այդ ամենի մեջ հաշվարկված չեն չարաշահումները, վատ կառավարումը և այլն: Ես ամբողջովին դրանում համոզված եմ, բայց դրանում պետք է համոզվի նաև հասարակությունը»,- նշել է Դ. Հարությունյանը՝ ավելացնելով, որ խորհրդատվություն իրականացնող ընկերության առաքելությունը հենց դա պետք է լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան