Սանասարյան. Անցնելու ենք վճռական քայլերի (տեսանյութ)
Այսօր մենք սկսելու ենք շարժման վճռական փուլը: Այս մասին հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ով այսօր կեսօրին լրագրողներին Բաղրամյան պողոտա էր հրավիրել` «Բաղրամյան պողոտայի բարիկադների մոտ ասելիք ունեմ...»:
Նրա խոսքով, այսօր երեկոյան իրենք հայտարարելու են շարժման համակարգող խմբի ընդունած որոշման մասին. «Ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու ենք վճռական քայլերի: Հիմա ավել բան չեմ ասելու, բայց ասելու եմ, որ կարևոր փուլ ենք մտնելու»:
Նա չմանրամասնեց, որոնք են լինելու վճռական քայլերը:
Ինչ վերաբերում է ոստիկանության ներկայացուցիչների հայտարարությանը, ապա Սանասարյանն ասաց. «Ոստիկանությունը ենթադրում է, որ այսպես շարունկվել չի կարող և մենք գնալու ենք վճռական քայլերի: Ավել բան չեմ կարող ասել, ժողովուրդը այստեղ կլինի, կլսի մեր ելույթները, կկայացնի որոշում՝ հավանություն տալիս է այդ մարտավարությանը, թե ոչ: Հավանությունը ստանալուց հետո մտնելու ենք վճռական փուլ: Բազմավեկտոր պլաններ են լինելու, դա կրելու է խաղաղ բնույթ, բռնության կոչեր չենք անելու, բայց ցույց ենք տալու մեր վճռականությունը»: