Հ. Դեմոյան. Ռազմամոլ առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությունը անուշադրության չպետք է մատնել
«Այսօր ցեղասպանագետների մի պատկառելի համայնք է հավաքվել Երևանում՝ մի քանի օր կիսվելու, քննարկվելու, բանավիճելու մարդկության չարիք ու խարանը դարձած մի հանցագործության շուրջ, որի անունն է ցեղասպանություն»,- Երևանում «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» 12-րդ համաժողովի բացման խոսքում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ըստ նրա, ցեղասպանություն երևույթը տակավին չի իմաստավորվել ու ընկալվել մարդկության կողմից, և ինչ որ առումով մարդկությունը հաշտվել է դրա գոյության և հետևանքների հետ. «Այսօր աշխարհի տարբեր անկյուններում մոլեգնող զանգվածային բռնություններն ու ահաբեկչությունները, տարբեր երկրներում իշխանության գլուխ կանգնած ռազմամոլ և հավակնող առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությունն այն ահազանգներն են, որոնք անուշադրության չպետք է մատնել: Հայերը, հրեաները, թութսիներն ու բոսնիացիները չեն կարող միայնակ մնալ իրենց ցավի ու հիշողության հետ, քանզի դա համայն մարդկության ցավն ու օրակարգային խնդիրը տեղի ունեցած ողբերգության հետևանքներին առարեսվելու համար»:
Հայկ Դեմոյանը նշեց, որ այս տարի «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» 12-րդ համաժողովի բացումը Երևանում ունի խորհրդանշական իմաստ. «Այս տարի աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ևս մեկ անգամ բոլորիս ստիպեց հետադարձ հայացք ձգել ոչ միայն մեզ՝ հայերիս պատուհասած ողբերգությանը, այլև վերհիշել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի սարսափները, Հոլոքոստն ու Ռուանդան, Բալկանները: Սրանք քսաներորդ դարի զարհուրելի դրվագներն են:
Ցեղասպանությունը պատմական հասկացություն չի: Այն չի սահմանափակվում տարածության և ժամանակի մեջ, քանզի իր ծանրությամբ և հետևանքներով համամարդկային միջամտության, կանխարգելման և իմաստավորման է պարտադրում մեզ բոլորիս»:
Մինչև հուլիսի 12-ն Երևանում ընթացող «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» 12-րդ համաժողովն անցկացվում է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագրի ներքո: Համաժողովին մասնակցում է 130 մասնագետ շուրջ 30 երկրից: Մասնակից երկրների աշխարհագրությունը շատ մեծ է՝ Ավստալիայից մինչև Բրազիլիա: Զեկույցով հանդես է գալու նաև Թուրքիայի ներկայացուցիչը:Գիտաժողովը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին: 1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ: «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը» (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում:
Նախորդիվ`
Հ. Դեմոյան. Ամեն օր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունենում է թուրք այցելուներ
Պետք է ավելի արդյունավետ մեխանիզմներ, օրենսդրություն մշակվի ցեղասպանությունները կանխարգելելու համար. Դեմոյան