Նոր Սահմանադրությունն առաջարկում է ՀՀ նախագահին ընտրել 7 տարի ժամկետով
Հանրապետության նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է ազգային միասնությունը, նշվում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քիչ առաջ հրապարակած Սահմանադրության նախնական տարբերակում:
Նշենք, որ Սահմանադրության նախնական տարբերակում, որն առաջարկում է երկրի կառավարման միանգամայն նոր՝ խորհրդարանական համակարգ, ընդգրկված են 1-ից 7-րդ գլուխները, որի 5-րդ գլուխը վերաբերում է ՀՀ նախագահի գործառույթներին ու կարգավիճակին:
Ըստ այդմ, Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է, առաջնորդվում է բացառապես համապետական շահով:
Նոր Սահմանադրությունն առաջարկում է նախագահին ընտրել 7 տարի ժամկետով: Նշենք, որ գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:
ՀՀ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին յոթ տարում ՀՀ քաղաքացիություն ունեցող և ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Գործող Սահմանադսրությունը պահանջում է 10 տարով ՀՀ-ում բնակվելու և քաղաքացի համարվելու պահանջ է դնում:
Նոր Սահմանադրության նախանական տարբերակը պահանջում է, որ նույն անձը նախագահ ընտրվի միայնմեկ անգամ:
ՀՀ նախագահը չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Նշենք, որ գործող Սահմանադրությունը նման արգելք չի դնում:
Նոր Սահմանադրության նախնական տարբերակի 125-րդ հոդվածը սահմանում է ՀՀ նախագահի ընտրության կարգը:
Ըստ այդմ, ՀՀ նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, իսկ ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և ԱԺ պատգամավորների թվին հավասար Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:
Ընտրիչների ժողովը գումարվում է ՀՀ նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում: Նախագահ է ընտրվումայն թեկնածուն, ով ստացել է ընտրիչների ժողովի անդամների ձայների առնվազն 3/5-րդը: Եթե որևէ թեկնածու ձայների այդքան միավոր չի ստանում, ապա անցկացվում է քվեարկության 2-րդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:
ՀՀ նախագահն իր հրաժարականը ներկայացնումէ Ազգային ժողովին, հրաժարականը համարվում է ընդունված Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով անհապաղ գումարված արտահերթ նիստում՝ հրաժարականի հրապարակման պահից:
Սահմանադրության նախնական տարբերակը կդրվի հանրային քննարկման: Քննարկման դրվելիք փաստաթուղթը դարձյալ կարող է փոփոխության ենթարկվել, եթե ընդունելի առաջարկներ ներկայացվեն: Քննարկումների փուլը կավարտվի մինչև հուլիսի վերջ, կներկայացվի հանրապետության նախագահին և եթե նախագահը հաստատեց, օգոստոսին միայն կներկայացվի Ազգային ժողով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան