Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Հակառակորդը ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում, որոշակի լարվածություն կա, իսկ կրակոցների թիվն էլ ավելացել է: Այդ մասին այսօր «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա տեղեկացրեց, որ իրավիճակը հայկական ստորաբաժանումների կողմից վերահսկվում է: «Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի, հայկական բոլոր ստորաբաժանումներն օժտված են համապատասխան բարոյահոգեբանական մակարդակով և իրենց առաջ դրված խնդիրները իրականցնում են: Թող հայ ժողովուրդը վստահ լինի, որ հայկական բանակը իր առաջ դրված խնդիրը մեր իսկ ժողովրդի, հարազատների խաղաղությունը, անվտանգությունը ապահովել և ապահովելու է»,-հավելեց նախարարը:
Սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպմանը մանսակցող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ «Արի տուն» ծրագրի ընթացքում Հայաստան է ժամանել 5000 սփյուռքահայ: Ինչ վերաբերում է այս տարվան, ապա Հայաստան կգան 1100 երիտասարդներ, որոնցից 700-ն արդեն եկել են:
Սերյան Օհանյանը, սշփյուռքահայերի համար խոսելով բանակից ասաց, որ հայկական բանակը տեղում չի դոփել և ամեն տարի իր առջև նպատակներ դնելով հասել է դրանց: «Հայկական բանակն այս հաջողությունները ձեռք է բերել ժողովրդի հետ միասին: Մենք մտածում ենք ապագայում ավելի բարձր աստիճանի հասցնել հասարակություն–բանակ կապը, քանի որ այնտեղ, որտեղ ժողովուրդը և բանակը միասնական են, այդտեղ անպարտելի են»,-հավելեց նա: