Կարծես դատաքննությունն իրեն չէր վերաբերվում. Փաստաբանը` Պերմյակովի մասին (տեսանյութ)
«Նման բան դեռևս իմ գործունեության մեջ չէր հանդիպել, որ 72 հատոր քրեական գործը դատարանում քննեին ընդամենը մեկ օրում և մեկ օրվա մեջ դատավճիռ կայացնեին: Այս դատավարությունն այդ առումով աննախադեպ էր», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարության մասին կարծիք հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը: Փաստաբանը երեկվա դատական նիստից եզրակացրել է, որ և պաշտպանության, և մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից ամեն ինչ արվում էր, որպեսզի հենց այդ օրն ավարտվեր դատական նիստը:
Երեմ Սարգսյանը, հիշեցնենք, Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբանն է, որը նաև ներկա էր Պերմյակովի դասալքության գործով երեկ Գյումրիի ռուսական ռազմաբազայում գործող 5-րդ կայազորային ռազմական դատարանում կայացած նիստին: Ռուս իրավապահների կողմից դասալքության, զենք հափշտակելու և ապօրինի զենք պահելու համար մեղադրվող Պերմյակովը երեկ նույն դատարանի վճռով դատապարտվեց տասը տարվա ազատազրկման` խիստ ռեժիմով:
Պատիժը, ըստ Երեմ Սարգսյանի, անսպասելի չէր և ոչ էլ խիստ էր, այնքան էր, որքան նախատեսում է այդ հանցանքների համար ՌԴ քրեական օրենսգիրքը:
«Մեծ հաշվով մեզ այնքան էլ չէր հետաքրքրում` ինչ պատիժ կնշանակեն, քանի որ մեզ համար մեծ կարևորություն ներկայացնում են սպանության գործով դատաքննության արդյունքները», -հավելեց Սարգսյանը:
Փաստաբանի խոսքով, նրանք ներկա լինելով Պերմյակովի դատավարությանը, հավելյալ տեղեկություններ են ստացել, որոնց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչները, նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված չեն տիրապետում:
«Պերմյակովի ցուցմունքներից ոչ ամբողջական, բայց կարևոր հանգամանքներ հրապարակվեցին, որոնք մեզ համար էական էին: Ասենք` ինչ շարժառիթով է մտել Ավետիսյանների տուն, ինչ գործողություններ է կատարել, որ ժամին է դուրս եկել զորամասից, երբ է հասել Ավետիսյանների տուն, ինչքան է այստեղ մնացել և այլն: Սրանք էական դրվագներ են, որոնք մեզ պետք կգան Ավետիսյանների գործով դատաքննության ժամանակ», -հավելեց փաստաբանը:
Պերմյակովի վարքագծից փաստաբանը տպավորություն է ստացել, որ նրա համար միևնույնն է` ինչ է կատարվում շուրջը: «Տպավորություն էր, որ դատաքննությունը իրեն չի վերաբերում: Արտաքին տեսքը հայացքը խոսում էր նրա մասին, որ ինքը համակերպվել է այդ ամենի հետ», փոխանցեց Երեմ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Ավետիսյանների սպանության մասով քրեական գործին, ապա այն 9 հատորից է կազմված և ռուսական կողմի տրամադրած փաստաթղթերը այս պահին թարգմանվում են: Սարգսյանը տեղեկացրեց, որ թարգմանություններից հետո միայն իրավահաջորդների ներկայացուցիչները կծանոթանան փորձաքննությունների պատասխանների հետ, կհայտարարվի նախաքննության ավարտ և հետո միայն գործը կուղարկվի դատարան:
Հարակից հրապարակումներ`
Պերմյակովի դասալքության գործը 72 հատոր է
Պերմյակովը դատարանում է
Չեմ հավատում, որ Պերմյակովը միայնակ է գործել. Ավետիսյանների հարազատ
Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տևել է 15 րոպե. Պերմյակովի ցուցմունքից