Մեծ Բրիտանիան վերաբացում է Իրանում իր դեսպանությունը
«Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը վերաբացելու նպատակով կիրակի օրը ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը կմեկնի Թեհրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «Շարղ» օրաթերթը:
Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին օրերս բրիտանական «The Daily Telegraph» պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել էր. «Դեսպանությունների բացման հարցում որևէ լուրջ խնդիր չկա, ինչպես, որ ավելի վաղ բրիտանացի պաշտոնյաներն էին կանխատեսել, կրկին կվերականգնվեն երկկողմ բնականոն հարաբերություները»:
Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերի 29-ին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջև տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ցուցարարները մտել էին դեսպանության տարածք, իջեցրել այդ երկրի դրոշը, փոխարենը` ծածանել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը: Այդ դեպքից հետո Մեծ Բրիտանիան պահանջեց, որպեսզի այդ երկրում հավատարմագրված իրանցի դիվանագետները 48 ժամվա ընթացքում լքեն երկիրը:
Դրան ի պատասխան՝ դեկտեմբերի 7-ին ԻԻՀ Մեջլիսը ընդունեց մի օրենք, համաձայն որի` Իրանի արտաքին գործերի նախարարությունը, հիմք ընդունելով Իրանի ազգային շահերի պաշտպանությունը, պարտավորվում էր երկու շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հետ ունեցած իր քաղաքական հարաբերությունները իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի:
Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ նախագահ ընտրվելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Ռոհանիին հղած նամակում հույս էր հայտնել, որ Իրանի նոր իշխանությունների օրոք Թեհրանի և Լոնդոնի հարաբերությունները կբարելավվեն:
2013թ. սեպտեմբերին Նյու Յորքում ԻԻՀ և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ուիլյամ Հեյգի միջև տեղի ունեցած խորհրդակցությունից հետո որոշում էր կայացվել Թեհրանում և Լոնդոնում նշանակել գործերի հավատարմատարներ: