Թուրք դեսպան. Զարիֆի՝ Անկարա նախատեսված այցը չեղյալ է հայտարարել Իրանը
«Իրանի ԱԳ նախարարի՝ Անկարա նախատեսված այցը հետաձգել է իրանական կողմը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանում Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թեքինը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին նախատեսված էր Իրանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա, որը սակայն չեղյալ հայտարարվեց՝ այցի օրակարգը չհամաձայնեցված լինելու պատճառաբանությամբ:
Իրանցի լրագրողի այն հարցադրմանը, թե այցի չեղյալ հայտարարվելու վերաբերյալ բազմաթիվ վարկածներ հնչեցին, ե՞րբ տեղի կունենա Զարիֆի այցն Անկարա, թուրք դեսպանը մասնավորապես նշել է. «Զարֆի այցը հետաձգել է իրանական կողմը: Սկզբում այն նախատեսվում էր օգոստոսի 6-ին, մենք ամբողջությամբ պատրաստ էինք ընդունել, սակայն Իրանն այցի ժամկետը փոխեց՝ տեղափոխելով ամսի 7-ին, իսկ այնուհետև 11-ին: Այդ ժամանակ էլ մենք պատրաստ էինք Իրանի ԱԳ նախարարին ընդունել: Սակայն այդ ժամկետը ևս իրանական կողմը հետաձգեց: Երբ որ հարմար իրավիճակ ստեղծվի, նախարարի այցը տեղի կունենա»: