Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ
Նախագահի նստավայրում այսօր սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները: Այդ գործընթացի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների: Հանդիպման մասնակիցները խոսել են ՀՀ Ազգային ժողովում ակտիվ և համակողմանի քննարկումների կարևորության մասին: