Հայաստանը դառնում է Իրանը Եվրոպային կապելու ամենաանվտանգ ճանապարհը
«Իրանի համբերության բաժակն արդեն լցվել է: Իրանն այսուհետ Թուրքիայի փոխարեն Եվրոպա բեռներ կտեղափոխի Հայաստանի տարածքով»,-այդ մասին հաղորդում է իրանական «Համշահրի» օրաթերթը:
Թուրքիայի տարածքում վերջին շրջանում իրանական բեռնատար մեքենաների, ավտոբուսների, ինչպես նաև մարդատար գնացքի վրա կատարված հարձակումներից հետո Իրանի տրանսպորտի գործունեությունը համակարգող բարձրագույն խորհուրդը նախօրեին Իրանի Ցամաքային տրանսպորտի և բեռնափոխադրումների կազմակերպությանը կարգադրել է, որպեսզի Եվրոպա բեռներ փոխադրելիս Թուրքիայի փոխարեն ընտրել Հայաստանի և Ադրբեջանի տարածքները:
Այսպիսով այն հոռատեսական կանխատեսումները, թե միջուկային խնդրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Հայաստանն Իրանի մոտ կկորցնի իր կարևորությունը, ճիշտ չէին: Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն Իրանի համար դառնալու Եվրոպային կապվելու թիվ մեկ անվտանգ ճանապարհը. անցած 25 տարիների ընթացքում Հայաստանը դա ապացուցել է:
Թեև վերջին շրջանում առերևույթ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են բարիդրացիական մթնոլորտում, սակայն Ադրբեջանի՝ Իսրայելի և Թուրքիայի անմիջական ազդեցության տակ գտնվելու հանգամանքը, Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ազդեցության մեծացման սպառնալիքը, ինչպես նաև արցախյան պատերազմի վերսկսման վտանգը Թեհրանին ստիպում են վերապահումով մոտենալ Ադրբեջանի գործողություններին և խուսափել այդ երկրի հետ խոշորամաշտաբ նախագծեր իրականացնելուց:
Ինչ վերաբերում է այդքան շահարկվող Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարությանը, ապա այն փաստացի դադարեցված է: Շուրջ երկու-երեք տարի է, ինչ երկաթգծի շահագործման հստակ ժամկետներ են հայտարարվում, սակայն երկաթգիծը ոչ միայն չի շահագործվում, այլ դրա մեծ մասը դեռ կառուցված էլ չէ: Ադրբեջանում Իրանի դեսպանը նախօրեին ադրբեջանական «Հաֆթե Իչի» թերթին տված հարցազրույցում՝ հաստատել է այդ փաստը՝ նշելով, որ երբ ներդրողներ լինեն, այդ ժամանակ էլ կկառուցվի: Պարզ է, որ ներդրող ասելով դեսպանը նկատի ունի Իրանին:
Անդրադառնալով թեմային՝ նշենք, որ եթե մինչ այդ Եվրոպան անտեսում էր Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանին և Արցախին ուղղված ռազմատենչ հայտարարությունները, ապա այժմ պետք է դրանց լուրջ վերաբերվի:
Եվրոպան եթե ցանկանում է Իրանից ու հակառակ ուղղությամբ անվտանգ բեռնափոխադրումներ իրականացնել, ապա պետք է կանխի տարածաշրջանն ապակայունացնելու Բաքվի գործողությունները, և ինչպես վերջերս Նախագահը կոչ արեց եվրոպական կառույցներին՝ «Պետք է հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությունից»:
Ի դեպ, Արցախի հարցում շահագրգռվածություն է դրսևորում նաև Թեհրանը: Ինչպես նշում է Ադրբեջանում Իրանի դեսպանը՝ վերջին շրջանում Իրանի ԱԳ նախարարության առաջնահերթություններից մեկն այն է, որ Թեհրանը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Արմեն Իսրայելյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները