Թուրքիան գնալով ավելի խորն է մխրճվում Մերձավոր Արևելքի խնդիրների մեջ. Սաֆրաստյան
Մերձավոր Արևելքը գտնվում է լարվածության ուժեղացման սկզբնական փուլերից մեկում, լարվածությունը գնալով ակնհայտ կդառնա: Թուրքիան գնալով ավելի խորն է մխրճվում Մերձավոր Արևելքի խնդիրների մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ Սաֆրաստյանի, Թուրքիայի «ակտիվացումը» Սիրիայում կապվում է Թուրքիայի ներքաղաքական խնդիրների հետ:
«Թուրքիան նաև համագործակցության գնաց ԱՄՆ-ի հետ, նրանից թույլտվություն ստացավ Քրդական բանվորական կուսակցության վրա ճնշումն ուժեղացնելու համար»,-նշեց Սաֆրաստյանը:
Նա նկատեց, որ այդ ամենի արդյունքում տեղի ունեցավ գործարք` Թուրքիան համաձայնվեց միանալ Իսլամական պետության դեմ պայքարին: Բանախոսը տեղեկացրեց նաև, որ Թուրքիայում երեք հետազոտություն է կատարվել և դրանք վկայում են այն մասին, որ «Արդարություն և զարգացում»-ը չի կարողանում հասնել իր նպատակին՝ ստանալ 45 տոկոսից ավելի ձայն. «Մոտակա երկու ամիսների ընթացքում Թուրքիայի քաղաքական կյանքում ականատես կլինենք սրացումների, որոնք արտահայտված կլինեն նաև զինված ուժերի գործողություններով»:
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին՝ թուրքագետը նշեց, որ սկզբունքային փոփոխություն այդ հարաբերություններում չի տեսնում:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենն ավելացրեց, Թուրքիան նաև տնտեսական վատ իրավիճակի մեջ է. «Այս տարի սպասվում է ընդամենը երկու տոկոս տնտեսական աճ, որը բավականին ցածր է նախկին տարիներից»: