Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ (լուսանկարներ)
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի Հանրապետության շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները: Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին:
Հանրապետության Նախագահը կարևորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ և արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից:
Նախագահի աշխատակազմից հիշեցնում են, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում: