Լևոն Զուրաբյանը` ապագա «գենսեկի» մասին
«Սահամանդրություն փոխելու անհրաժեշտություն չկա, և Հայաստանում մենաշնորհացումը, արտագաղթը այլ պատճառ ունեն ու կապված չեն Սահմանադրության հետ, այլ` իշխող ավազակապետության հետ», -այսօր Ազգային ժողովում Սահմանադրության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, իշխանությունների համար գործող Սահմանադրության 50-րդ հոդվածը` նույն անձը չի կարող 2 անգամից ավել վերընտրվել նախագահի պաշտոնում, արգելում է իշխանության վերարտադրությունը, հետևաբար պետք էր վերացնել այդ խոչընդոտը` ձեռնարկելով Սահմանադրական բարեփոխումներ:
«Նոր նախագծով անցում է կատարվում իբր խորհրդարանական համակարգի, բայց իրականում ստեղծվում է եվրոպական ստանդարտների հետ որևէ առնչություն չունեցող մի աղճատված համակարգ, որում գլխավոր տեղը զբաղեցնում է Ազգային ժողովի նախագահը, որը իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը համատեղելով իր ձեռքում է կենտրոնացնելու պետական իշխանության բոլոր կարևոր լծակները», -հայտարարեց Զուրաբյանը` այդ գործչի անունը պայմանականորեն դնելով «գենսեկ»:
Նրա խոսքով, նոր Սահմանադրությամբ «ապագա «գենսեկը» ունենալու է սահմանադրորեն երաշխավորված մեծամասնություն Ազգային ժողովում, ցանկացած պահին կկարողանա հեռացնել վարչապետին ու առաջադրել նոր թեկնածու»:
«Իսկ նման լիազորություն որևէ խորհրդարանական կառավարում ունեցող պետության մեջ չկա, և Հայաստանն այս հարցում դառնալու է առաջամարտիկ», -հայտարարեց Զուրաբյանը:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորը եզրակացրել է, որ Սահմանադրության նախագիծը «ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ»:
«Սերժ Սարգսյանը պատրաստվում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո նախագահի պաշտոնում իր լիազորությունները, համաձայն Սահմանադրության նախագծի անցումային դրույթների, ավարտելուց հետո զբաղեցնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը և նոր Սահմանադրության շրջանակներում շարունակել իր միանձնյա ղեկավարում», -հայտարարեց Զուրաբյանը` հասարակական կազմակերպություններին կոչ անելով կազմակերպվել, միավորվել «ոչ» ասելու պայքարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում