Պառլամենտական համակարգում պատահական անձանց իշխանության գալու վտանգը մեղմվում է. Վ. Պողոսյան
Խորհրդարանական համակարգում պատահական անձանց իշխանության գալու վտանգը զգալիորեն մեղմվում է, քանի որ նման համակարգում միմյանց հետ մրցակցում են քաղաքական ուժերը՝ քաղաքական թիմերով, ի տարբերություն կիսանախագահական համակարգի, որտեղ, այսպես կոչված, «աութսայդերների» առկայությունը հնարավոր չէ բացառել և կան բազմաթիվ օրինակներ: Այսօր ԱԺ-ում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Ներկայացնելով խորհրդարանական կառավարման մոդելի առավելությունները՝ Պողոսյանն ասաց, որ պառլամենտական կառավարման համակարգում չի կարող լինել իշխանության երկկենտրոնացում վարչապետի ձեռքում, ով չի ունենա քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջև:
«Կիսանախագահական համակարգում՝ մանավանդ երկրորդ մոդուսի պարագայում, երբ նախագահը միաժամանակ պառլամենտական մեծամասնության լիդերն է, հանրապետության նախագահին կարելի է պաշտոնանկ անել միայն քրեական հանցագործությունների համար, քաղաքական պատասխանատվության նրան չի կարելի ենթարկել: Քաղաքական պատասխանատվության նախագահը կարող է կանչվել միայն իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո, եթե նա որոշի, որ նորից ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրությունները, պառլամենտն իրավունք չունի քաղաքական դրդապատճառներով անվստահություն հայտնել նախագահին: Ի տարբերություն սրա, պառլամենտական կառավարման համակարգի էությունը կայանում է նրանում, որ ցանկացած կառավարություն կարող է գոյատևել և արդյունավետ աշխատել միայն պառլամենտական մեծամասնության վստահությունը վայելելու պայմաններում: Եթե այդ վստահությունը այլևս չկա, ապա խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը և փոխարինել այն մեկ այլ կառավարությամբ»,-նշեց նա:
Վարդան Պողոսյանի փոխանցմամբ՝ պառլամենտական կառավարման ձևի կարևորագույն առավելություններից մեկը կայանում է նրանում, որ կառավարումը ավելի կոլեգիալ է քան նախագահական ու կիսանախագահական համակարգերում: