Սերժ Սարգսյան. Մեր գործողությունները պետք է հիմնված լինեն դաշնակցային պարտավորությունները հաշվի առնելու վրա
ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակ առաջնահերթությունների մշակման հարցում հայկական կողմը ելնում է կառույցի հետագա զարգացումը ապահովելու անհրաժեշտությունից՝ հիմնվելով դաշնակցային համագործակցության և հաջորդականության սկզբունքների վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ ներկայացնելով կառույցում ՀՀ նախագահության առաջնահերթությունները:
«Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրումից անցել է ավելի քան 2 տասնամյակ: Դա կառույցի կայացման, զարգացման և կատարելագործման համար կարևոր փուլ էր: Այս աշխատանքը պետք է շարունակել համակարգային հիմունքներով»,- նշել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ են կարճաժամկետ հեռանկարում զարգացման հստակ ուղենիշներ:
Այս տեսանկյունից ՀՀ նախագահը առաջին հերթին առաջարկել է ամրագրել Հավաքական անվտանգության ռազմավարության մշակման ավարտը մինչև 2025թ. ընկած ժամանակահատվածի համար և դրա ընդունումը 2016թ.-ին:
Նախագահ Սարգսյանը նաև կարևորել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերում կառույցի անդամ երկրների սերտ համագործակցությունը:
«Մեր գործողությունները պետք է հիմնված լինեն դաշնակցային պարտավորությունները և գործընկերների տեսակետը հաշվի առնելու, ՀԱՊԿ անդամ մեկ կամ մի քանի երկրների շահերին հակասող նախաձեռնությունների համընդհանուր դիմակայման վրա»,- նշել է նախագահը:
Նախորդող լուր`
Սերժ Սարգսյանը Դուշանբեում մասնակցում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին